ՀՀԿ-ն լքելու մասին համապատասխան դիմումներ են ներկայացրել 3 համայնքի ղեկավարներ՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավանի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի ղեկավար Գեղամ Հովակիմյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բյուրավան համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանն այսպես մեկնաբանեց կուսակցությունը լքելու իր որոշումը.

 

«Ես այդպես եմ նպատակահարմար գտել»: Մեր դիտարկմանը՝ որոշումը հնարավո՞ր է՝ պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելու գործոնով, մեր զրուցակիցը պատասխանեց.

 

«Ես իմ աշխատանքն ունեմ, իմ գործերով եմ զբաղվում, իրենց հետ կապ չունեմ: Այնպիսի քաղաքական հարցեր եք տալիս, ես ի՞նչ իմանամ...ես ով, իրանք ով»,- ասաց Հովակիմյանը:

 

Մենք զրուցեցինք նաև Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը, որ դուրս է եկել ՀՀԿ-ից: Հետաքրքրվեցինք՝ որոնք են պատճառները, հնարավոր է՝ դա պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու գործոնով, պատասխանեց. «Դուք արդեն սկսում եք Ձեր հարցերով ալիքներ խառնել: Ես 62 տարեկան մարդ եմ, 14 տարվա գյուղապետ եմ: Երեկվա երեխան չեմ, իմ անձնական կարծիքն ու կողմնորոշումներն ունեմ: Ինձ ոչ ոք չի կարող ասել՝ այդպես չի լինելու, այսպես պետք է լինի»,- ասաց դյուրագրգիռ գյուղապետը:

 

Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի հետ կապ հաստատելու մեր փորձերն ապարդյուն եղան. գյուղապետն այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին:

 

Նշենք՝ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարեց ՀՀԿ-ն լքելու իր որոշման մասին, որին հաջորդեցին նրա թիմակիցների հրաժարականները: Հատկանշական է այն, որ այս երեք համայնքներն էլ Արարատի մարզում են գտնվում, որտեղ իր մեծ ազդեցությունն ունի Աբրահամյանը:

 

Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադևոսյանը նշել էր, որ 13 կուսակցական՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը և նրա օգնականը, ովքեր նույնպես Աբրահամյանի թիմակիցներից էին:

 

Սոնա Հարությունյան