Հասարակության լայն շրջանակներ չեն դադարում քննարկել Արդարադատության նախարարության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու վերաբերյալ որոշումը: Վերջերս կառավարությունն անդրադարձավ կալանավորների և դատապարտյալների բուժսպասարկման ոլորտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը և հաստատեց քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների արդիականացման հայեցակարգը: Դեռ վերջնականապես պարզ չէ, թե որ տարբերակը կընտրվի, սակայն արդեն ակնհայտ է, որ տարիներ շարունակ եղած ծրագիրը՝ Երևանի կենտրոնում առկա ծավալուն տարածքը օգտագործել բիզնես նպատակներով, այլևս օրվա հրամայական է դարձել:


Այժմ ընդամենը քննարկվում են տարբերակներ՝ օպտիմալացնելու եղանակով օտարելու ՔԿՀ-ն: Դրան նախորդել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու աշխատակցի դեմ քրեական վարույթի հարուցումը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով: Անշուշտ, չի կարելի ժխտել, որ սույն կառույցում առկա են բազմաթիվ խախտումներ և խնդիրներ, սակայն դժվար չէ կռահել, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ը փակելով, այս խնդիրները չեն լուծվի: Հիվանդանոցի փակումն անխուսափելիորեն առաջ է բերելու նոր հարցեր, որոնց պատասխանները կարծես թե նախարարությունում դեռ պատրաստ չեն տալ: Նախ, ո՞րն է երաշխիքը, որ քաղաքացիական հիվանդանոցը, այն էլ՝ պետպատվերի ծավալով վճարելու դեպքում դատապարտյալին որակյալ բուժծառայություն կմատուցի, երբ անգամ սովորական հիվանդներն են բողոքում մատուցվող ծառայության որակից:

 

Երկրորդ. դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց ուղարկելը նաեւ կոռուպցիայի դեմն առնելու հարցում երաշխիք չէ: Այսինքն, միշտ էլ հնարավոր կլինի կաշառքի դիմաց առողջ դատապարտյալին ամիսներով հիվանդանոցում պառկեցնել կամ էլ իրական հիվանդներին դրանից զրկել:


Մտահոգիչ է հատկապես այն, որ կալանավորներին և դատապարտյալներին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու որոշումները կայացնելու է Քրեակատարողական վարչությունը։ Մտահոգություններ կան հիմնականում կալանավորներին ու դատապարտյալներին քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու որոշումների կայացման հարցում. այդ որոշումները կարող են ուշացումով կայացվել և անկանխատեսելի հետևանքներ ունենալ։


Դրանից բացի, այդ որոշումները կարող են իրենց մեջ ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր պարունակել, այլ նաև կայացվել սուբյեկտիվ գործոններով։ Օրինակ, որոշեն, որ պետք չէ բուժօգնություն տրամադրել քաղաքացիական հիվանդանոցում, կամ տրամադրվեն որոշ պայմանավորվածությունների արդյունքում, որը ոչ միայն կոռուպցիոն ռիսկ, այլ նաև որոշ հարցերում ճնշելու միջոցներ օգտագործելու վտանգ է պարունակում: Արդյոք Արդարադատության նախարարությունը փակման որոշումն ընդունելուց առաջ հաշվի՞ է առել այս պոտենցիալ ռիսկերը, թե՞ առաջնորդվել է զուտ բիզնես նպատակներով՝ ոլորտի բարեփոխումներով քողարկված:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ