Եվրամիությունը շարունակելու է իր ներդրումային ծրագրերն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում ցուցատախտակի բացման արարողության ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:

«Եվրամիության ներդրումները Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կազմել է 23 միլիարդ դրամ: Այն, ինչ տեսնում ենք այսօր, նման համագործակցության օրինակ է: Խոսքը միայն ֆիզիկական շինության մասին չէ, խոսքն արդարադատության համակարգի մասին է, որն էական նշանակություն ունի, մասնավորապես, դատական իշխանության հասանելիության, ինչպես նաև արդարության ապահովման տեսանկյունից»,- ասաց Դանիելսոնը: Նրա խոսքով՝ այս ամբողջ նախաձեռնությունները մաս են կազմում բոլոր այն առաքելությունների, որոնք միտված են ամբողջ աշխարհում կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:

«Իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր հասարակության հիմնասյունն է: Անկախ, անկողմնակալ և, միաժամանակ, արդյունավետ դատական իշխանությունը հիմնական լուծման ուղղությունն է: Այդ պատճառով Եվրամիությունը բարձր է գնահատում այն բարեփոխումները, որ սկսել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- եզրափակեց Դանիելսոնը: