Օրերս վարչապետ Կարապետյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր, ուր հանդիպել էր մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ: Այստեղ վարչապետին ընդունել էին հավուր պատշաճի, կազմակերպված բարձր ընդունելությանը չկար պաթոս, խոհափիլիսոփայական զեղումներ, խեղճ ու աղքատին բնորոշ ելույթներ. գործ, հստակ թվեր, խնդիրների վերհանում, հավակնոտ բիզնես ծրագրեր, պատրաստվածության բարձր մակարդակ, մոդեռն մտածողություն:

 

Զեկուցողները չեն խոսել միայն կառավարության աջակցության, սուբսիդիաներ տրամադրելու խնդրանքների դիտանկյունից, այլ գործադիրի ղեկավարին ներկայացրել են մարզի ինքնուրույն զարգացմանը միտված հստակ քաղաքականություն:

 

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ վերջին տարիներին ակտիվ իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ կաթիլային եղանակով ոռոգվող այգիների ստեղծման աշխատանքներ:

 

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք վերաբերում են արևային կայանների և ջերմոցների ստեղծմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, կաշվե իրերի արտադրության հիմնմանը, ինտենսիվ կաթիլային համակարգով ոռոգվող այգիների ստեղծմանը, արդեն գործող բիզնեսների ընդլայնմանը և այլն: 

 

Քննարկման ընդհանուր տրամաբանությունն այն է, ինչ մարզերի զարգացման համար անհրաժեշտ է մեր երկրին: Այս հանդիպումը ցույց տվեց, որ գոնե Կոտայքի մարզում՝ կառավարման օղակներում մարդիկ են, ովքեր լավ գիտեն իրենց անելիքը, օժտված են հանրային կառավարման և բիզնես մտածողությամբ: Դա լավ է, փաստորեն, համատարած գործազրկության, արտագաղթի պայմաններում՝ կան ղեկավարներ, ովքեր մտածում են տեղում զարգանալու մասին:

 

Մարիամ Ավետիսյան