«Բացարձակ սխալ լուրեր են և ընդհանրապես իրականության հետ կապ չունեն: Միքայելյան հիվանդանոցն ամբողջ իր համակարգով և իր պոտենցիալով ակտիվ աշխատում է: Կատարվում են բազմաթիվ վիրահատություններ: Նման բան գոյություն չունի, անգամ պլանների մեջ էլ չկա»,- այս մասին, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրուցում ասաց Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Արմեն Հարությունյանը՝ հերքելով տարածված տեղեկություններն այն մասին, թե Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի: Ըստ տեղեկությունների, պատճառը հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են: 

 

Համաձայն տեղեկությունների, ֆինանսական խնդիրների պատճառով՝ տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով: Մեր դիտարկմանը՝ արդյոք նման բան եղե՞լ է և ինչպե՞ս կմեկնաբանի այս լուրերը, Արմեն Հարությունյանը պատասխանեց.

 

«Որպես օրենք՝ այդպիսի բաներ չի լինում: Բայց մեկ-մեկ ֆինանսական վիճակի հետ կապված՝ կարող է մի ամիս պրոբլեմ լինի, մի փոքր ուշացում լինի, բայց ընդհանուր առմամբ, մենք այդ հարցով պրոբլեմներ չունենք»:

 

Սոնա Հարությունյան