Հանրապետական կուսակցության շարքերը գնալով նոսրանում են. երբեմնի հարազատ կուսակցությունը լքում են և՛ առանցքային դերակատարություն ունեցող կուսակցականները, և՛ շարքային հանրապետականները՝ հանրության մեջ թողնելով իրենց հեռացման պատճառների մասին հարցերն՝ առկախված:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, խոսելով ՀՀԿ-ի շարքերի նոսրացման և արդեն նախկին հանրապետականների պաշտոնանկությունների մասին, ասաց. «Հանրապետականի ստեղծած նախադեպն է, երբ մեկին աճեցնում է, հետո հեռացնում է իրենից՝ ազատվելով նրանցից և նրա ազգականներից: Շատ նորմալ է, երբ ՀՀԿ-ն լքում են: ՀՀԿ-ն բաղկացած է անձի շուրջ ստեղծված սեգմենտներից, ուստի անձը, երբ հեռացվում է, նրա հետ հեռացվում է նաև նրա սեգմենտը: Սեգմենտն իր տիրոջ հետ կա՛մ նոր տանիք է սկսում փնտրել, քանի որ անտեր են մնացել, կա՛մ՝ կարողանում է մաքսիմալ քիչ կորուստներով մեկուսանալ»:
Ստեղծված իրադրությունն ուսումնասիրելիս՝ ազգագրագետի մոտ հարց է առաջանում. «Հիմա, եթե, ասենք, Կարեն Կարապետյանն էլ ՀՀԿ-ից դուրս գա, էն յոթ հազարն էլ են դուրս գալու. հիմա նրանք սեգմե՞նտ են, թե՞ վարչապետի ազդեցության գոտի՝ ընդամենը: Այ՝ սա՛ չեմ կարողանում հասկանալ»:
Ազգագրագետի խոսքով՝ ազգակցական համակարգն է ՀՀԿ-ում ձևավորել սեգմենտը և գաղափարախոսության մասին ՀՀԿ-ի պարագայում խոսելն անիմաստ է. «ՀՀԿ-ականներն էլ չգիտեն այդ կուսակցության գաղափարախոսությունը, նրանք մեկ բառ գիտեն ընդամենը, և դա ՀՀԿ -ն է»:
Այն, որ ՀՀԿ շարքերը լքում են երկար տարիներ այդ կուսակցությանն ամուր կպած անդամները, գալի՞ս է փաստելու, որ կուսակցությունում սկիզբ է առել նոր սերնդափոխության գործընթաց, հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե, իհա՛րկե, սերնդափոխություն է: Հայրերին փոխարինելու են գալիս որդիները. հիմա ցուցակները կկազմեն, կտեսնենք, ԱԺ-ն կձևավորվի հայրերից և որդիներից: Սա սերնդափոխություն է, որը չի նշանակում որակափոխություն, և այս պարագայում իրական փոփոխություն սպասելն անիմաստ է, դա վաղուց մեռած սպասում է»:
Աղավնի Սուքիասյան