Հայաստանում վաղուց ձևավորված ու խնամքով պահպանվող ավանդույթ է գործում. ընտրություններին ընդառաջ, որպես կանոն, տեղի է ունենում որոշակի ապրանքատեսակների թանկացում' անկախ դրանց բնույթից. ասենք, ուտելու պիտանի են, թե' ոչ, դյուրավա՞ռ են, թե՞ ընդհանրապես կրակի հետ կապ չունեն և այլն: Մի խոսքով՝ կատարյալ թալան:

 

Պարզվում է՝ Բարսեղ Բեգլարյանը («Ֆլեշի Բարսեղ») ևս վերջին օրերին միացել է ՀՀԿ-ի համար փող հավաքող օլիգարխների խմբին ու որոշել միանգամայն անհիմն՝ թեթևի մեջ ժողովրդից մի երկու կոպեկ քերել: Չէ՞ որ առջևում ընտրությունների սեզոնն է, իսկ Հայաստանում, հայտնի փաստ է՝ չեն լինում ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի: Մի խոսքով' փող է պետք, ու որպեսզի այդ փողը, որը պետք է ընտրակաշառքի տեսքով մասսայաբար բաժանվի ժողովրդին, ստիպված չլինեն իրենց լիքը գրպաններից հատկացնել, որոշել են ժողովրդին գնային տեռորի ենթակել, թեկուզ ոչ այնքան զգալի չափով, հարազատ կուսակցության վերարտադրությունը բարով-խերով կազմակերպելու:


Իսկ բենզինի շուկայում թանկացումները կարծես այնքան էլ զգալի չեն՝ մոտ 10%-ի չափով՝ 20-30 դրամով, բայց դե բոլորն էլ հասկանում են, որ սա մի շուկա է, ուր նույնիսկ 1 դրամի թանկացումը կարղ է այնպիսի մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովել նույն Բեգլարյանի համար, որ վերջինս սևերես չդառնա ու կարողանա պատվով հաղթահարել իրեն բաժին ընկած փորձությունը:

 

Հարց կարղ է առաջանալ՝ ինչո՞վ է պայմանավորված Բարսեղ Բեգլարյանի ժուժկալությունը կամ ինչո՞ւ հենց 20-30 դրամով է թանկանում տրանսպորտի համար կենսական նշանակություն ունեցող այս դյուրավառ հեղուկն այն դեպքում, երբ նույն հաջողությամբ այդ թիվը կարող էր հասնել, ասենք, 100-ի: Պատճառը, պարզվում է, ոչ թե Բեգլարյանի մարդասիրական սկզբունքներն են, այլ' թանկացման օբյեկտիվ դրդապատճառների իսպառ բացակայությունը. բենզինի գնագոյացության հարցում վճռորոշ նշանակություն ունեցող որևիցե գործոն՝ այս ընթացքում փոփոխության չի ենթարկվել. տրանսպորտային ծախսերը, դրամի փոխարժեքը, հարկերը՝ նույնն են, նավթի գներն էլ ոչ միայն չեն թանկացել, այլև էժանացման միտումներ են դրսևորում:


Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ին, ապա այստեղ կարծես քար լռություն է տիրում, ու չնայած, ըստ տեղեկությունների, այստեղ ևս նկատել են գների բարձրացում, սակայն այդպես էլ «մատը մատին չեն տալիս» իրավիճակը շտկելու. դեռևս ուսումնասիրում են թանկացման պատճառները:


Այնպես որ՝ դատելով ամենայնից՝ ապրիլին մեզ իսկական ֆուրոր է սպասվում՝ ընտրակաշառքային ֆուռոր, ու հայոց աշխարհում չի գտնվի գեթ մեկ հոգի, ում ՀՀԿ-ն ընտրակաշառք չառաջարկի. փողը գոլ է տվել, մնում է միայն այդ փողը քաղաքական կապիտալի վերածել. խնդիր, որի լավագույն մասնագետները հենց ՀՀԿ-ում են օթևանել…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ