Ջերմուկում օլիգարխների լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Օլիգարխներն էլ «Հանրապետական» կուսակցությունից են: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը՝ հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ:

 

Մինչ Արսենյանի քաղաքական տանիքին հասնելը, այս պատգամավորն իր պատգամավորական գործունեության երկար ու ձիգ տարիների ընթացքում ԱԺ ամբիոնից մի բառ անգամ չի արտաբերել։ Այս ընթացքում նա ընդամենը պրոֆեսիոնալ դակողի անուն է ձեռք բերել' երբեւէ հանդես չգալով որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ եւ երբեւէ ասելիք չունենալով այս կամ այն օրենսդրական նախաձեռնության շուրջ։ Փոխարենը, գնդեվազցի Աշոտ Արսենյանը լավ դասեր է սերտել բիզնեսում չգրված կանոններով գործելու եւ ուրիշի հաշվին խոշոր կապիտալներ դիզելու գործում։ 


Արսենյանից քաղաքական գործիչ չստացվեց, բայց փոխարենը, Քլոսը գործարար դաշտում լուրջ հաջողություններ գրանցեց։ Ընդհուպ՝ վերջինս դուրս եկավ միջազգային ասպարեզ՝ կարողանալով լուրջ նախաձեռնություններ ցուցաբերել նաեւ ՀՀ-ի սահմաններից դուրս։ Զուգահեռաբար, գործարար-պատգամավորը հաջողացրեց նաեւ ճոխ առանձնատներ գնել հաճույքների երկիր Բադեն-Բադենում ու Ֆրանսիայի արվարձաններից մեկում:


Արսենյանը բառիս բուն իմաստով «նեղն» է գցում ջրի արտադրության մեջ գումարներ ներդնող այլ ընկերությունների, որոնք փորձում են Արսենյանի «տերիտորիայում»՝ Ջերմուկում, ինչ-որ քայլեր ձեռնարկել: Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի հարևանությամբ՝ Ջերմուկում նոր առողջարան է կառուցվել, որը թվում էր, թե «Արմենիա»-ի մասնաշենքն է լինելու, բայց պարզվեց, որ բոլորովին էլ ոչ։ Այն փայատիրական հիմունքներով է ստեղծվել, որտեղ մեծ՝ մոտ 50 տոկոսի չափ փայաբաժին ունի Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մի 15 տոկոսի չափ՝ Աշոտ Արսենյանը, ում ներգրավել են, որ չդժգոհի:


Սամվել Սարգսյանը նաեւ գործարար է, նրան են պատկանում Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» եւ Ջերմուկի «Հայաթ փլեյս» հյուրանոցները: Տարիներ առաջ նա էր գնել Հանրապետության հրապարակում գտնվող ՀԱՄԽ-ի շենքը, որն այնուհետև վաճառքի հանեց: 2002-2006 թվականներին եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։ 2006 թ. հունիսին «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու հետ կապված՝ դուրս է եկել կուսակցությունից։ Սարգսյանը ՀՀԿ անդամ է 2006 թվականից։

 

Եվ չնայած համատեղ բիզնեսի առկայությանը, այս երկու կարկառուն ՀՀԿ-ները Ջերմուկում կպայքարեն միմյանց դեմ՝ իսկ պայքարը խոստանում է թեժ և անզիջում լինել: Մի կողմից՝ թվում է, թե Հանրապետականը մարզում միևնույնն է՝ շահած դուրս կգա, սակայն հայկական քաղաքական մշակույթը, համեմված ռեյտինգային տեղերի համար ծավալված անզիջում պայքարով, հուշում է՝ նույնիսկ Վայոց Ձորի մարզում իրավիճակը կարող է ցանկացած պահի դուրս գալ ՀՀԿ վերահսկողության տակից, երբ միմյանց դեմ են պայքարում օդիոզ և օլիգարխիկ տարրերը: Իսկ դա, անշուշտ, չի բխում ՀՀԿ շահերից, որը ընտրություններին ընդառաջ՝ արդեն իսկ իրեն մեծ  «ճոխություն» է թույլ տվել, կորցնելով մարզային ակտիվի զգալի զանգված՝ հետևաբար, նաև հասարակության շոշափելի հատվածի աջակցությունը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ