Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացո ւցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է կոչվել 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում' ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով:

ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրերին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի միջև համագործակցությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում' ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում' միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում:

Համապատասխան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը»: