ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

 

-Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, ի՞նչ է ակնարկում կամ ինչ մեսիջներ է ուղղում հակամարտող կողմերին՝ Երևանին ու Բաքվին, ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»:


-Միացյալ Նահանգներում ընդունված քաղական պրակտիկա է՝ երբ մի բանի մասնագետ չես, բայց պարտավոր ես կարծիք հայտնել՝ հայտնում ես ինչ-որ կարծիք, որը խորը վերլուծելու կարիք է զգում և եթե շատ խորը վերլուծես՝ կհասկանաս, որ դա ընդամենը խուսափողական, ոչինչ չասող խոսք էր: Ռեքս Թիլլերսոնը նավթային կորպորացիայի նախագահ էր մինչև մի քանի օր առաջ: Նա հասկանում է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտ սպառնալիք է այդ տարածաշրջանի կայունությանը, իսկ որ դա սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին՝ ցույց է տալիս ընդամենը, որ Միացյալ Նահանգների համար այդ տարածաշրջանը կարևոր տարածաշրջան է: Ես գիտեմ, որ Հայաստանում անշուշտ քաղաքագետները խորը գիտական վերլուծություններ կանեն այս թեմայով, բայց ինձ համար՝ իրավիճակն այս առումով՝ առավել քան պարզ է: Երբևէ քաղաքականության մեջ չեղած անձը հիմա ղեկավարում է հզորագույն տերության արտաքին գերատեսչությունը: Ի՞նչ եք ակնկալում, որ ասեր խոշոր կորպորացիայի ղեկավարը. որ կոնֆլիկտն անկարևոր է և ԱՄՆ-ի հոգը չէ՞: Թիլլերսոնն, անշուշտ, գիտի Հայաստանի տեղը, բայց գիտի որպես նավթային Ադրբեջանի հարևան և թշնամի երկիր: Եվ խոր իմաստներ փնտրել այստեղ՝ պետք չէ: Առայժմ պետք չէ:

 

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հակառակ սպասումների՝ Թրամփի վարչակազմն այդքան էլ պասիվ դիրքորոշում չի որդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:


-Անհնար է որևէ կանխատեսում անել: Ամեն բան կախված է Ռուսաստանի և Թուրքիայի հետ զարգանալիք ԱՄՆ հարաբերություններից: Հնարավոր է՝ կարևորություն տրվի: Հնարավոր է և, որ այնքան անտեսվի, որ անգամ Օբամայի վարչակազմի օրոք՝ այդքան չէր անտեսվել: Հիմա դեռ շատ վաղ է: Հայաստանն ու Ադրբեջանը թրամփի և նրա՝ մինչ այդ՝ քաղաքականությանն անծանոթ վարչակազմի համար տասներորդական կարևորության թեմաներ են: Հայաստանում պետք է հասկանան, որ մինչ արցախյան խնդրի հերթը հասնի՝ դեռ շատ ջրեր են հոսելու:

 

-Արդյո՞ք բոլոր այն խոսակցությունները, թե Թրամփը մոռացության կմատնի Անդրկովկասը՝ արցախյան հարցը, անհիմն էին: Նման կարծիքներ էին հայտնում վերլուծաբանները:


-Ինչպես արդեն ասացի՝ ոչինչ հնարավոր չէ կռահել: ԱՄՆ ամենահայտնի քաղաքագետներն անգամ չեն կարողանում կռահել ներամերիկյան զարգացումները, որքանո՞վ է լուրջ սպեկուլյացիաներ անել արցախյան հիմնահարցի վերաբերյալ: Այս պահին դա լիովին անլուրջ խնդիր է: Սպասենք, և որոշ ժամանակ անց՝ ինչ-որ բան հասկանալի կլինի:

 

-Արդյոք այս հայտարարությունը չի՞ գրգռի Բաքվին ու չի՞ ստիպի նրան հերթական արկածախնդրության դիմել՝ հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու ակնկալիքով ու պատրվակով:


-Բաքվին ոչ թե ամերիկյան հայտարարություններն են գրգռում ու քաջալերում, այլ՝ Երևանի վախվորածությունն ու անդեմությունը: Նաև՝ իր մի խումբ այլ բարեկամների քաջալերանքները: Եթե ոմանք կարծում են, թե Բաքուն Արցախի հարցում իրեն պահում է համաձայն ամերիկյան հայացքների՝ կամ մոլորության մեջ են, կամ էլ՝ տառապում են խոր ամերիկատյացությամբ:

 

-Ե՞րբ և ո՞ր պարագայում Անդրկովկասում կբախվեն Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը, և արդյոք այդ բախումը չի՞ հրահրի լայնամասշտաբ պատերազմ:


-Երբ սրվեն Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները: Բայց պետք է հասկանալ մի բան. այդ հարաբերությունների աստիճանը չէ, որ որոշում է սրումը՝ արցախյան ճակատում: Ադրբեջանն ունի ծրագիր՝ նախ գրավելով Արցախը, անցնել մնացյալ Հայաստանի գրավմանը: Ով և ինչ էլ քաջալերի՝ նա դրան չի գնա, եթե վստահ լինի, որ կպարտվի և կգնա այդ քայլին՝ եթե վստահ լինի, որ կհաղթի: Հիմա, շնորհիվ Հայաստանում առկա գաղափարախոսությունների, ինչպես նաև պետական մոտեցման, Ադրբեջանը զգում է, որ կարող է հաղթել: Այդտե՛ղ պետք է փնտրել պատերազմի սաստկացման բանալին, ոչ թե երկու գերտերությունների հարաբերություններում:

 

-Ու՞մ կարող է ձեռնտու լինել սահմանային իրավիճակի սրումը:


-Ադրբեջանին: Եվ էլի մեկ-երկու ուժերի: Թեև կարծում եմ, որ կարող էր և Հայաստանին էլ օգտակար և ձեռնտու լինել, եթե վճռական քաղաքականության կամք լիներ Երևանում: Արդեն անցյալ ապրիլին՝ կարելի էր բարելավել հայկական դիրքերը, անգամ՝ ազատագրելով հայկական նոր տարածքներ՝ Ադրբեջանին կանգնեցնել փաստի առաջ: Պատերազմի ժամանակ պատերազմից չեն վախենում: Հայկական կողմը տարածքներ կորցրեց, վախեցավ պատերազմից, և կստանա առավել վտանգավոր պատերազմ: Հետևաբար, այդ լարումը առայժմ ձեռնտու է նախևառաջ՝ Բաքվին:

 

-Ընդհանրապես, ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նոր վարչակազմից՝ արտաքին քաղաքականության հարցում, և, մասնավորապես՝ արցախյան հարցում:


-Այդ հարցերը եթե տաք որևէ վաշինգտոնյան վերլուծաբանի՝ Ձեզ նույն պատասխանը կտան. «չգիտենք, կտեսնենք»: Ես էլ ասում եմ. չգիտեմ, կտեսնենք: Սա աննախադեպ և ոչ ստանդարտ վարչակազմ է և պետք է սպասել և տեսնել, թե աստիճանաբար ինչպիսի դիրքորոշում կորդեգրվի այս հարցերում: Ամեն դեպքում՝ եթե Քլինթոնի պարագայում հաստատ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել արցախյան ուղղությամբ, այս դեպքում՝ դեռևս անհայտ է: Երբ պարզվեն ուրվագծերը, այնժամ և կարելի կլինի փորձել կանխատեսումներ անել:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի