ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակներին՝ նշեց՝ երբ ժամանակը գա, կիմանան բոլորը:

«Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն, մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»,- ՀՀԿ ցուցակում կլինե՞ն գեներալներ ու օլիգարխներ, հարցին ի պատասխան՝ ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե ՀՀԿ կանանց միջև ևս պայքար է ընթանում՝ ցուցակում տեղ գտնելու համար, հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե այնպիսի համերաշխ մթնոլորտ, ինչպիսին ՀՀԿ կանանց մոտ է, ինքն այլ տեղ չի տեսել. «Զարմանում եմ՝ այդքան կին մեկ տեղ, և այդպիսի համերաշխություն»:

Պատգամավորը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ծանր որոշում պետք է կայացնեն ընտրացուցակները կազմելիս՝ նշելով, որ դա իրենց համար ծանր որոշում չէ, դա իրենց համար քաղաքական որոշում է. քաղաքական որոշումները բոլորի համար ընկալելի են, իսկ այդ կարգապահությունը կա իրենց կուսակցությունում:

«Այս ընտրություններից հետո նոր համակարգ է լինելու, նոր խորհրդարան, և պետք է այնպիսի աշխատանքներ տանենք, որ կարողանանք կանոնակարգել. մենք դա գիտակցում ենք: Դուք անակնկալներ չեք տեսնի, բայց ընտրություններ են, ոչ ոք ապահովագրված չէ. կարող է՝ դեպքեր լինեն, միջադեպեր լինեն։ Դրա համար էլ գործում է օրենքը, և օրենքի սահմաններում պետք է կանոնակարգենք դրանք»,- ասաց Վահան Բաղդասարյանը:

Հարցին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետո կարծես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դժվար է կողմնորոշվում շտաբի պետ նշանակելու հարցում, նրան արժանի փոխարինող չե՞ն գտնում, Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը բազմիցս է ասել, որ անփոխարինելի մարդիկ չկան. Հովիկ Աբրահամյանը երբ մեր կուսակցության մեջ էր, դեռ այդ ժամանակ էլ չէինք հայտարարել շտաբի պետի անունը: Մեր որոշումները կան, դուք դրա մասին տեղյակ կլինեք»:

 

Սոնա Հարությունյան

Նարեկ Ավանեսյան