Human Rights Watch-ը կոչ է արել Եվրոպական միությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել ձերբակալված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, իշխանությանը քննադատողներին և դադարեցնել ճնշումները անկախ խմբերի նկատմամբ, թույլ տալ նրանց ազատ գործունեությունը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Այսօր' փետրվարի 6-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Եվրամիության պաշտոնյաների հանդիպումը: Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի և Եվրամիության միջև կնքնվելիք համաձայնագրերի քննարկմանը»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Հանդիպման նախօրեին մարդու իրավունքների 76 կազմակերպություններ նամակով դիմել են Եվրամիության պաշտոնյաներին և կոչ արել Իլհամ Ալիևի առջև դնել հստակ հանձնառություններ:

«ԵՄ-ն միշտ բարձր է գնահատել մարդու իրավունքների խիզախ պաշտպաններին և միշտ աջակցել է նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն ու Ադրբեջանը մտել են համագործակցության նոր շրջան, ժամանակն է, որ Ադրբեջանը համապատասխանի կազմակերպության բոլոր չափանիշներին: ԵՄ-ն տեր կկանգնի իր խոստման, և Ալիևը պետք է դադարեցնի ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումները և չպետք է անտեսի մարդու իրավունքների հարցը»,- ասված է Human Rights Watch-ի Եվրամիության գծով տնօրեն Լոթե Լայթի հայտարարության մեջ:

Human Rights Watch-ի հայտարարության մեջ նշված է, որ 2016-ին և 2017-ին Ադրբեջանում իշխանությունների կողմից ընդդիմադիրների, բլոգերների, ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկացել, և շինծու մեղադրանքներով ձերբակալությունները ավելի մեծ թափ են ստացել:

«2016-ի վերջին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին գրառում կատարած երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամմեդովը և Գիյաս Իբրահիմովը թմրանյութեր պահելու և իրացնելու շինծու մեղադրանքներով ենթարկվել են 10 տարվա ազատազրկման: 2016-ին կեղծ մեղադրանքներով տարբեր տարիների ազատազրկումների են ենթարկվել ընդդիմադիր NIDA և այլ շարժումների անդամ ակտիվիստներ»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը նշել է նաև, որ բազմաթիվ ակտիվիստներ վերջին շրջանում ճնշումներից և հետապնդումներից փրկվելու համար լքել են Ադրբեջանը:

2017-ի հունվարի 19-ին Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել ազատ արձակել երկրում գործող NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանին, ով ձերբակալվել է 2016-ի օգոստոսին և մյուս քաղբանտարկյալներին, սակայն ապարդյուն: Ալիևի կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել նշված պահանջները բավարարելու ուղղությամբ: