Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը:

Կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում: Դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Կատարված դիտարկումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, որոնցից է, օրինակ' գործող համակարգի բարդացված կառուցվածքը, գործընթացին մասնակցող պատասխանատու մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, օրենքների անհստակությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող ոչ հստակ չափորոշիչները. պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարծիք չկա՝ հաշվի առնելով նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը, ինչով պայմանավորված էլ կայացված որոշումները դառնում են քննարկման առարկա: Փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը:

Նախագծերով փորձ է կատարվել նախատեսել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք և կնպաստի գործուն և արդյունավետ պրակտիկայի ձևավորմանը: