Հայաստանում պետական օղակներում վարվող կադրային քաղաքականությունն, ինչպես հայտնի է, բավականին սպեցիֆիկ բնույթ է կրում. պետական կառավարման օղակներն, անկախ դրանց ունեցած նշանակությունից, հիմնականում ղեկավարվում են ըստ այս կամ այն գերատեսչության ղեկավարի քմահաճույքի: Շատ պետական օղակներում վարվող կադրային քաղաքականությունում բացակայում են հստակ մշակված չափորոշիչներն ու նորմերը, ու հաճախ պատասխանատու պաշտոնների են նշանակվում են մարդիկ, ովքեր մինչ նշանակումը ոչ միայն որևիցե առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ, այլև չինովնիկներ են կարգվում այնպիսիք, ովքեր նույնիսկ սեփական կրթությամբ, կրթական ցենզով՝ երբեմն ոչ մի կերպ չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ ամենատարրական պահանջներին. այս իմաստով, պետք է նկատել, պետական օղակների շատ ղեկավարներ կատարյալ ազատություն են վայելում ու ազատ են սեփական որոշումներում՝ ում ինչ պաշտոնի նշանակել:

 

Պարզվում է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը որոշել է սեփական կադրերով համալրել պետական այս օղակն ու պաշտոնների է նշանակում մարդկանց, որոնք, «տարօրինակ» զուգադիպությամբ՝ այս կամ այն կերպ նախկինում առնչություններ են ունեցել երկրի հարկային մարմինների հետ: Մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմեն Օսիպյանն, ով 2014 թվականին աշխատել է պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում, ապա ՖՆ Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում: Իհարկե, համարել, թե Գրիգորյանի թարմացվող «կաբինետում» փոփոխություններն այսքանով կսահմանափակվեն, սխալ կլիներ, քանի որ ակնհայտ է տենդենցը՝ թաղապետարանը հարկայինի նախկին կադրերով համալրելու:

 

Հարց՝ ինչի՞ հետ կարող է կապված լինել նախընտրական այս շրջանում Դավիթ Գրիգորյանի կողմից դրսևորվող միտումները՝ իր կողմից ղեկավարվող պետական կառույցը «թափով» դեմքերով համալրելու: Կասկածից վեր է, որ այս կադրային տեղաշարժերը գլխավորապես կապված են նախընտրական սեզոնի բացմամբ. առջևում ընտրություններ են, ու յուրաքանչյուր թաղապետի թիվ մեկ խնդիրն է դառնալու ձայների համապատասխան քանակություն ապահովելը: Իսկ այս գործում, ինչպես հայտնի է, ոչինչ այնքան կարևոր ու հիմնահենքային դերակատարություն չի ունենալու, որքան փողը. հարկայինի նախկին աշխատակցին սեփական «թևի տակ քաշելը» պայմանավորված է ոչ միայն կամ ոչ այնքան Գրիգորյանի ցանկությամբ՝ հավատարիմներով շրջապատվելու, որքան ընտրություններին ընդառաջ համապատասխան պատրաստություններ տեսնելու ձգտմամբ. որքան ֆինանսապես կայացած մարդկանցով համալրվի Էրեբունու թաղապետարանն, այնքան մեծանալու են հնարավորություններն ու ռեսուրսներն, իսկ դրանց զուգահեռ էլ՝ շատ ձայներ բերելու հավանականությունը:

 

Իսկ այն, որ հարկայինում աշխատած ու առավել ևս՝ պաշտոնի եղած կարիքավոր պաշտոնյաներ բնության մեջ ուղղակի չեն լինում, հուշում է այն մասին, որ Գրիգորյանը հստակ է գիտակցել, թե առաջիկայում ինչ լուրջ փորձության առջև է կանգնելու ինքն ու որոշել է՝ ինչպես հարկն է պատրաստվել…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ