Վերջին շրջանում շատ են խոսակցությունները՝ Հայաստանը արտասահմանյան ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա, կարծես թե, խոստումնալից էր՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների ներդրումներ անելու պատրաստակամությամբ: Սակայն, որևէ գործնական զարգացումներ այս ուղղությամբ դեռևս նկատելի չեն: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մեր երկրում 2015 թվականին կազմել է 0,5 տոկոս, և դա այն պարագայում, երբ խոստումների համաձայն, պետք է ունենայինք 2.4 տոկոս տնտեսական աճ:

Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ ՀՀ-ն տարին ամփոփում է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի: Եվ, չնայած այս՝ ոչ ուրախ պատկերի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կարծես թե, լավատեսորեն է տրամադրված: Մի կողմից ֆինանսների նախարարությունը վստահեցնում է հասարակությանը, որ տնտեսական բարեփոխումների ուղղին, որով այժմ ընթանում ենք՝ լավագույնն է և արդարացնում է իրեն՝ մյուս կողմից ասում, որ ժողովուրդ ջան՝ այս տարի անգամ դա էլ չեք ունենալու: Քանի որ իրեն արդարացնող տնտեսական քաղաքականությունը այս տարվա վերջին մեզ 0-0,5 տոկոս տնտեսական աճ է խոստանում:

2016 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կազմում է մոտ 503 մլն դոլար: Դրանից ՀՀ կառավարության պարտքը՝ ներքին և արտաքին, մոտ 5.4 մլրդ դոլար է, ինչը կազմում է ՀՆԱ-ի 54%-ը: Վարդան Արամյանն ասել է, որ տարվա արդյունքներով, եթե կատարվի բյուջեն այնպես, ինչպես կանխատեսված է, տարին կամփոփվի մոտ 6 մլրդ 250 մլն դոլար պարտքի ցուցանիշով, ներառյալ՝ Կենտրոնական բանկի պարտքը, որը կկազմի մոտ 530 մլն դոլար: Թերևս ֆինանսների նախարարը այս թվերի մեջ որևէ ողբերգություն չի տեսնում, և անգամ այն, որ արտաքին պարտքի ցուցանիշը անշեղորեն մոտենում է սպառնալից նշակետին, և նվազման միտում չի ցուցաբերում՝ դա նույնպես մտորելու լուրջ առիթ չէ:

Եթե այս խնդիրներին գումարենք այն, որ բյուջեն բառի ուղղակի իմաստով չի լցվում՝ քանի որ դժվար է պարտքեր հավաքել մի երկրում, որտեղ տնտեսությունը հազիվ կենդանության նշաններ է ցուցաբերում, ապա ամբողջանում է մեր տնտեսության բավականին «դիլխոր» պատկերը… Բոլոր՝ թե´ մակրո, թե´ միկրո տնտեսական ցուցանիշները գալիս են դա ապացուցելու: Եվ ահա, այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ 2016թ. պետական բյուջեով, ըստ տարեկան ճշգրտված պլանի, հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 162 մլրդ 778,8 մլն դրամ։ Այնինչ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հավաքագրվել է 1 տրիլիոն 79 մլրդ 689.1 մլն դրամ՝ նախատեսվածից ավելի քան 83 միլիարդ դրամ պակաս։

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ