«Ի՞նչ է ասել ընդդիմություն» հարցը միգուցե շատերի համար մի փոքր զավեշտալի կարող է հնչել: Հասարակության հիմնական մասի համար այս հարցի պատասխանն ավելի քան պարզ է. Հայաստանում, որպես կանոն, ընդդիմություն համարվում է այն քաղաքական ուժը, որն ամենից շատ ու բոլորից բարձրաձայն է հայհոյում իշխանություններին, առիթը բաց չի թողնում վանկարկելու այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, որպես սեփական կյանքի հիմնական իմաստ ու նպատակ հռչակում է իշխանափոխությունը: Ահա և վերջ:

Ինչպես Հայաստանի վերջին տասնամյակների ներքաղաքական կյանքն է բազմիցս ապացուցել, սակայն, ոչ միշտ է, որ վերոհիշյալ չափորոշիչները բավարարող քաղաքական ուժերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ և, որ ամենակարևորն է, անկեղծությամբ: Ավելին՝ միայն վերջին տասը տարին բավարար է՝ համոզվելու, որ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ամենից ակտիվորեն իշխանությունների «ջրաղացին ջուր են լցրել» հենց այն քաղաքական ուժերը, որոնք ամենաարմատականն են փորձել իրենց ներկայացնել հասարակության առջև ու ջանացել տպավորություն ստեղծել՝ ատում են ամեն բան, ինչը կապված է իրենց գլխավոր քաղաքական օպոնենտների հետ: Որպես կանոն, հենց նմաններն են, որ մեծ հաճույքով ժողովրդի մեջքի հետևում մութ գործարքների են գնացել իշխանությունների հետ, յուրատեսակ դավադրություն հյուսել սեփական ընտրազանգվածի դեմ՝ կանգնեցնելով մարդկանց փաստի առաջ. նրանք, ովքեր ընդամենը երկու օր առաջ ողջ սրտով ու հոգով անիծում էին իշխանություններին, հանկարծ հայտնվում են նրանց դաշնակիցների ու գործընկերների ցուցակում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է, ուրեմն, այն հիմնական չափորոշիչը, որը կարող է այսօր շարքային ընտրողին հստակ ուղղորդող չափանիշ դառնալ ու օգնել նրան՝ խուսափելու խաբվելուց, խուսափելու այն բոլոր թակարդներից, որ, սովորաբար, լարվում են իր դեմ նախընտրական շրջանում: Անկասկած, չափանիշն ու չոփորոշիչը մեկն է. պետք է հստակ գիտակցել, որ իրական ընդդիմություն են ոչ թե նրանք, ովքեր մեկ ամիս իշխանություններին հայհոյելուց հետո հանգիստ խղճով նրա իսկ հետ մտնում են գործարքների մեջ ու մանդատ փախցնում, այլ՝ այն ուժը կամ այն անձն, ով մինչև վերջ հավատրիմ է մնում իր ժողովրդին, իր դիրքորոշմանն ու հանուն ժամանակավոր բարիքների չի դավաճանում իր սկզբունքներին ու իշխանությունների հետ կասկածելի գործարքի մեջ չի մտնում: Ով ավելի շուտ կնախընտրի թողնել քաղաքականությունն՝ առհասարակ, քան խիղճը գրպանը դրած՝ դավադրության զոհ դարձնի իրեն վստահած քաղաքացիներին:

Այլ կերպ ասած՝ ընդդիմությունն այն քաղաքական ուժն է, որ ոչ միայն գաղափարական կամ քարոզչական հարթության մեջ է փորձում որպես այլընտրանք ներկայանալ գործող համակարգին կամ իշխանություններին, այլ՝ այն, որն ունի այնքան բարոյականություն ու «նամուս», որ ինքնավաճառքով չի զբաղվում, որ հավատարիմ է իր սկզբունքներին ու, որ ամենակարևորն է, սեփական ժողովրդին:

2017թ-ի ընտրությունները, որոնք, հիրավի, պատմական են, այս իմաստով լրջագույն խնդրի առաջ են կագնեցնելու հայրենի ընտրողներին. ցանկացած մեկն, ով հարգում է սեփական քվեն, ում համար ընտրություն կատարելը ոչ թե, ասենք, մի 10.000 դրամ «կպցնելու» լավ առիթ է, այլ՝ հստակ գիտակցված ակտ, պետք է ընդամենը մեկ բան հաշվի առնի՝ մարդկանց անցյալը. միայն անցած ուղին կարող է երաշխիք դառնալ այն բանի, որ ձգտումներն ու խոստումներն անկեղծ են, իսկ վճռակամությունն անդրդվելի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ