Սպորտի մասսայականացման և մարզաձևերի տարածման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկել են քննարկումներ՝ ոչ հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների հետ: Փետրվարի 7-ին նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանցում է msy.am-ը:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների հաջող մասնակցության կապակցությամբ և ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանին հորդորել շարունակել աշխատել նույն ոգով և ջերմեռանդությամբ՝ ավելի բարձր մարզական նվաճումներ գրանցելու համար: «Սա սպորտի բարձրագույն նվաճումների մասով: Սակայն, շատ կարևոր է նաև այս մարզաձևի մասսայականացումը: Այս հատվածում անելիքներն ավելի շատ են»,- ասել է նախարարը:

Նրա խոսքերով, ցավոք, գեղասահքով մեծամասամբ զբաղվում են Երևանում, սակայն այս մարզաձևը՝ որպես ձմեռային, զարգացման և տարածման ավելի մեծ հնարավորություններ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության հյուսիսային տարածաշրջաններում: «Անհրաժեշտ է ուսումնասիրել այդ մարզերում առկա մարզական ներուժը, մասնավորապես՝ Գյումրի, Վանաձոր և մյուս քաղաքների հնարավորությունները՝ այդ քաղաքներում սահադաշտեր ունենալու համար: Խնդրում եմ հաշվի առնել, որ խոսում ենք ոչ թե պրոֆեսիանալ, այլ սիրողական մարզումների մասին»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Նույն օրը նախարարը հանդիպել է նաև Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի անդամների հետ՝ ֆեդերացիայի նախագահ Վահան Ադամյանի գլխավորությամբ: Հ. Ռոստոմյանը նույն հորդորով դիմել է նաև կանոէի ֆեդերացիայի անդամներին՝ ներկայացնել առաջարկություն ՀՀ մարզերում թիավարություն մարզաձևն ավելի մասսայական դարձնելու համար: «Հասկանալի է, սա առանձնահատուկ մարզաձև է: Սակայն հետևողական աշխատանքի շնորհիվ 4-5 տարի հետո մենք կարող ենք տեսանելի արդյունքներ գրանցել»,- ասել է նախարարը և ավելացրել, որ ուսումնասիրությունները պետք է սկսել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ջրային տարածքների հնարավորությունները գնահատելուց: «Այդ ամենից հետո մենք կրկին կհանդիպենք: Այդ ժամանակ ես ձեզանից արդեն սպասում եմ կոնկրետ առաջարկություններ»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը քննարկումներին մասնակցած ֆեդերացիաների ղեկավարներին առաջարկել է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գեղասահք և թիավարություն մարզաձևերի մասսայականացման ու տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: