Հայկական կողմն ունի մեկ զոհ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: 

 

Նա նշեց, որ դիպուկահարի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող: Այլ մանրամասներ Հասրաթյանը չներկայացրեց, հավելելով, որ քիչ հետո պաշտոնական հաղորդագրություն կտարածեն: 

 

Ի դեպ՝ ԼՂՀ ՊՆ-ն նաև հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ: 

 

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները»,- ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ: