Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարց բարձրացրեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալվող գործընթացների և նրա արտահանձնման հետ կապված:

 

Պատգամավորը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ԱԳՆ-ն ինչ միջոցառումներ ու ինչ ծրագրեր ունի այս գործին պատասխան տալու հետ կապված:

 

Նալբանդյանը պատգամավորին ասաց, որ իր մամուլի խոսնակի միջոցով հարցի հետ կապված մեկնաբանություն արդեն տվել են, մի քանի օր առաջ էլ ինքն այս գործարքը խայտառակություն է որակել և նկատել, որ այս խայտառակությունը վնաս է հասցնելու հենց գործարքի մասնակիցներին՝ վարկանիշի առումով:

 

«Միանգամայն հասկանալի է հասարակության վրդովմունքը, միջազգային կառույցների, լրատվամիջոցների արձագանքը՝ համահունչ է»:

 

Իսկ թե ինչ քայլեր պետք է անի հայկական կողմը, Նալբանդյանն ասաց, որ այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են և պետք է արվեն. «...բայց չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք, թե ինչպես ենք անում, ինչ ենք անում, և ինչ ենք անելու»: