Նախընտրական Հայաստանը, շատերը նկատած կլինեն, մի յուրատեսակ առանձնահատկություն ունի. գրեթե ամեն բան, ամեն մի քայլ՝ կատարված նման ժամանակահատվածում, մշտապես բխել է ու այժմ էլ շարունակում է բխել մեկ հիմնական տրամաբանությունից՝ նախընտրական: Ասել կուզի՝ պետական մարմիններում, բայց ոչ միայն, շատ ու շատ քայլեր արվում են ընդամենը մեկ նպատակով՝ ընտրությունները բարով-խերով անցկացնելու:


Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Արարատն, ի դեմս Արամայիս Գրիգորյանի, նոր մարզպետ ունի: Շատերն այս նշանակումը միգուցե այնքան էլ կարևոր չհամարեցին, ու կարծես այնքան էլ մեծ նշանակություն չտրվեց սույն կադրային տեղաշարժին: Պետք է նկատել, որ մարզում Գրիգորյանն այնքան էլ նորեկ չէ, ու բոլորին է հայտնի, որ նախկին նախարարը նախկինում մոտ կես տարի այստեղ մարզպետ է եղել:


Իսկ հասկանալու համար, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզ գործուղելու իրողությունը՝ չհաշված նրա՝ այդ պաշտոնում նախկինում ունեցած կարճաժամկետ աշխատանքային փորձի հանգամանքը, հարկավոր է մանրուք թվացող մի իրողության վրա ուշադրություն դարձնել. Արամայիս Գրիգորյանն իսկական դեսպոտ է: Համենայն դեպս, այդպես են պնդում բոլոր նրանք, ովքեր դժբախոտություն են ունեցել աշխատել նրա ենթակայության տակ: Մի խոսքով՝ սիրում է կառավարել, վերահսկել ու պատժել, մեկ-մեկ էլ խրախուսել: Մի խոսքով՝ հայ չինովնիկի յուրատեսակ կերպար:


Մամուլում ակտիվորեն սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ Արարատի մարզպետարանում այս օրերին իսկական աժիոտաժ է տիրում. Արամայիս Գրիգորյանը հավաքել է մարզի գյուղապետերին ու բավական կոպիտ զրույց ունեցել նրանց հետ՝ զգուշացնելով, որ առաջիկա ընտրություններին նրանցից ամեն մեկը պարտավոր է լինելու կոնկրետ ձայներ բերել՝ հակառակ դեպքում նրանց բոլորի համար վատ կլինի. անկախ համայնքապետերի կուսակցական պատկանելիությունից՝ նրանք պարտավորվել են 55–60% ձայն ապահովել յուրաքանչյուր գյուղից: Ի դեպ՝ Գրիգորյանն արդեն իսկ հասցրել է յուրատեսակ կադրային ջարդ իրականացնել մարզպետարանում:


Այնպես որ՝ կարելի է հաստատապես պնդել, որ Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու որոշման վրա հսկայական ազդեցություն է ունեցել նրա բարդ բնավորությունը. մտրակի ու կարկանդակի հայտնի պատմությունն է ստացվում, միայն թե Արարատում կարծես որոշել են ավելի շատ մտրակ օգտագործել, քան՝ կարկանդակ:


Իհարկե, Արարատի մարզում տեղի ունեցող փաստացի տեռորը միայն մի թույլ օրինակ է այն բանի, ինչ սպասվում է բոլոր ինքնակառավարման մարմիններում, քանի որ անկախ նշանակությունից ու մասշտաբներից՝ հայաստանյան ՏԻՄ-երը վաղուց վերածվել են ձայների հավաքագրման յուրատեսակ կետերի՝ խտրականություն չդնելով միջոցների մեջ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ