Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական և տարածքային ցուցակները կհստակեցվեն կուսակցության՝ փետրվարի 11-ին կայանալիք գործադիր մարմի նիստից հետո: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:

 

«Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց Նիկոյանը:

 

Հարցին՝ ապագա խորհրդարանում լինելու ցանկություն ո՞ւնի, Նիկոյանը պատասխանեց, որ իր ցանկությունների մասին կխոսի գործադիր մարմնի նիստից հետո:

 

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները' փետրվարի 16-26-ը: