Խորհրդարանական ընտրությունների օրվան կարճ ժամանակ է մնացել, ինչը նշանակում է՝ հարցը, թե որ քաղաքական ուժի հնարավորություններն են ամենամեծը՝ ապագա խորհրդարանում զգալի ներկայություն ունենալու, գնալով է՛լ ավելի մեծ հրատապություն է ձեռք բերում: Այս իմաստով, պետք է նկատել, որ քաղաքական կուսակցությունների ու դաշտում ներկայացված հիմնական ուժերից շատերի վիճակն ամենևին էլ նախանձելի չէ, ու դրանցից գրեթե ոչ մեկն այսօր հաստատապես չի կարող գերագնահատել սեփական ուժերը:

 

«Ծառուկյան» դաշինքի պարագայում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն է. այս նորակազմ քաղաքական ուժի վարկանիշն, ինչպես ցույց են տալիս ու աներկբայորեն փաստում վերջին սոցիոլոգիական հարցումներն, օր-օրի միայն ավելանում է, ու արդեն իսկ կարելի է հաստատապես ու փաստարկված կերպով պնդել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար մեկ ֆավորիտը հենց այս ուժն է:


Անկասկած, այս քաղաքական ուժի աննախադեպ բարձր ժողովրդականությունը նախևառաջ՝ կապված է դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ սիրված ու ժողովրդի կողմից իրական հարգանք վայելող անհատականություն լինելու իրողության հետ. անքննարկելի է՝ հանրապետությունում այսօր գործնականում անհնար է գտնել ևս մեկին, ում ժողովրդական վարկանիշը նույնքան բարձր լինի, որքան Ծառուկյանինն է: Ի դեպ՝ պետք է նկատել, որ Ծառուկյանի՝ օրըստօրե նորանոր ռեկորդներ սահմանող բարձր վարկանիշ ունենալու հանգամանքն ամենևին էլ չի սահմանափակվում նրա՝ ակտիվ քաղաքականություն շռնդալից վերադարձի հանգամանքով. այն, ըստ էության, օբյեկտիվ գնահատականն է նրա՝ տարիներ շարունակ տևած ու շարունակվող ազգանվեր գործունեության՝ անկախ քաղաքականությունից:


Հայաստանի ներկայիս վիճակը որակել պարզապես մտահոգիչ, կնշանակեր՝ վերապահումով մոտենալ այն կացությանը, որ տիրում է այժմ երկրի ներսում. սոցիալ-տնտեսական վիճակն ուղղակի աղետալի է: Իսկ թե ինչի հետ է կապված նման անբարեհույս մթնոլորտն, ինչ խոսք, քննարկման մի առանձին թեմա է, բայց, որ այս ամենում իր ծանրակշիռ տեղն ունի հատկապես երկրի քաղաքական համակարգի, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ կուսակցությունների՝ որպես հասարակության առաջնորդ ուժերի չկայացվածությունը, փաստ է: Կյանքն ու ժամանակը ցույց տվեցին, որ Ծառուկյանը, հատկապես քաղաքականության մեջ, անփոխարինելի դուրս եկավ. այս ողջ ընթացքում չգտնվեց ևս մեկն, ով կկարողանար զբաղեցնել թափուր մնացած այն տեղը, որ առաջացել էր Գագիկ Ծառուկյանի՝ տարիներ առաջ ակտիվ քաղաքականությունից դուրս գալու պատճառով: Այս իմաստով, պետք է նկտաել, որ Ծառուկյանի ֆենոմենը մինչև վերջ անբացատրելի է մնում:


Իսկ «Ծառուկյան» դաշինքի ու անձամբ դրա ղեկավարի խիստ բարձր ժողովրդականությունը, հատկապես նախընտրական այս շրջանում, եթե փորձենք հասկանալ դրա պատճառները, պայմանավորված է մի չափազանց պարզ հանգամանքով ևս. հասարակությունը շատ լավ տեղյակ է ու գիտի, որ Գագիկ Ծառուկյանն այն միակ գործիչն է, որը երբեք չի փոշիացրել ժողովրդի վստահությունը, կեղտոտ խաղերի մեջ չի մտել ու պարզ ճակատով է ներկայացել սեփական ժողովրդին: Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը քաղաքականությանը մշտապես մարդկային դեմք է հաղորդել, մի տեսակ՝ ազնվացրել. իրողություններ, որոնք ամենաբարձրն են գնահատվում հասարակության կողմից:


Աներկբա է՝ հանձինս «Ծառուկյան» դաշինքի՝ ականատես ենք դառնում խոշորագույն ոչ իշխանական բևեռի ստեղծման: Սա մի բևեռ է, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այն սահմանափակ տրամաբանության մեջ, որի շրջանակներում սահմանափակվում է հայաստանյան քաղաքական ողջ համակարգը. «Ծառուկյան» դաշինքը ներկա ժամանակների մեծագույն ֆենոմենն է՝ անկասկած:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ