ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագիրը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համարվել է ամենաարդյունավետ նախագծերից մեկը, մինչդեռ այս գործընթացն ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան նպաստեց դրանց լուծմանը: Պիլոտային ծրագիրը, որն իրականացվեց նախարարության կողմից, մի շարք հարցեր առաջացրեց. մասնագետներն ահազանգեցին, առաջարկներ ներկայացրին, սակայն ինչպես ցույց է տալիս համայնքներում ստեղծված իրավիճակը ՝ դրանց առյուծի բաժինը համապատասխան ուշադրության չի արժանացել:

Արդյո՞ք նախարարությունը, ի դեմս Դավիթ Լոքյանի, հաշվի էր առել այն ռիսկերը և մատահրավերները, որոնք առաջանալու էին այս՝ կասկածելի արդյունավետությամբ ծրագիրը գործարկելուց անդին: Օրինակ՝ ինչպես է Կարմրաշենը միացել Ջերմուկին, երբ առաջին կետից երկրորդը հասնելու համար հարկավոր է 18-25 կմ իջնել մինչեւ Վայք, այնտեղից էլ մեկ այլ ճանապարհով բարձրանալ 30 կմ՝ մինչեւ Ջերմուկ, այսինքն՝ շուրջ 50 կմ պետք է անցնել:

Թեև հանրաքվեի արդյունքում 22 համայնքից ինչ-ինչ պատճառներով միայն հինգն է դեմ եղել խոշորացմանը, սակայն ակնհայտ է , որ մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ հաշվի առնելով նաև ժողովրդագրական բարդ իրավիճակը: Այսօր համայնքի վերացման վախ կա, իսկ սա ռիսկ է: Խոշորացման գործընթացի ռիսկերից մեկը փոքր համայնքների վերացումն է: Բացի այդ, համայնքը ոչ մի փոփոխություն իր կյանքում չի զգում, բացի որոշ կազմակերպությունների ներդրումային ծրագրերից:

Համայնքների խոշորացումը նախարարության կողմից պետք է դիտարկվեր ընդհանուր վարչատարածքային ռեֆորմների կոնցեպտի մեջ, պետք է միասնական տեսլական լիներ, և դրա շրջանակներում հասկանալի լիներ, թե խոշորացումն ինչ է տալիս: Միևնույն ժամանակ՝ համայնքների խոշորացմանը զուգահեռ՝ նաև պետք է պատկերացում ունենալ, թե տարածքային կառավարման ճակատագիրն ինչ պետք է լինի, մարզպետարանի դերը որը պետք է լինի: Մինչդեռ այս բոլոր հարցերի լուծումը և հարցերի պատասխանները դեռ օդում կախված են ...

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ