Ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփեց նիստի ընթացքում իրենց քննարկած հարցերը: Ըստ Շարմազանովի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել են ՀՀ անվտանգության, տնտեսական զարգացման և բազմաթիվ այլ հարցեր: Նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ:

 

Ինչպես սպասվում էր, այս նիստի ընթացքում հրապարակվել է խորհրդարանական ընտրություններին «Հանրապետական կուսակցության» ռեյտինգային ցուցակը: Ինչպես Շարմազանովն ասաց, ցուցակում ընդգրկվել են՝ ինչպես նախկին հանրապետականներ, այնպես էլ նոր դեմքեր՝ բժիշկներ, դասախոսներ, սպորտի ոլորտի հայտնիներ:

 

Շարմազանովն, ըստ մարզերի՝ ներկայացրեց թեկնածուների ցանկը՝ նշելով, որ յուրաքանչյուր ընտրատարածքում ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակով առաջադրել է 7-ից մինչև 13 թեկնածու:

 

Կուսակցության տարածքային ցուցակներում հայտնի դեմքերից տարբեր ընտրատարածքներում ընդգրկված են Արտակ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արման Բաբլոյանը, Սեյրան Սարոյանը, Արագած Ախոյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Գևորգյանը, Ալբերտ Երիցյանը: Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում կլինի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:

 

Տարածքային ցուցակներում բացակայում էին Մհեր Սեդրակյանի և Մանվել Գրիգորյանի անունները: Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Երևանի ընտրատեղամասերում կուսակցությունն ընդհանուր առմամբ առաջադրել է 38 թեկնածու:

 

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենց ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է, իսկ մնացածը կորոշի հանրությունը իր քվեարկությամբ: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում հաղթելու ամենաիրական հավակնորդը հենց ՀՀԿ-ն՝ նշելով, որ իրենք ազատ և արդար մրցակցության կողմնակից են:

 

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները' փետրվարի 16-26-ը: