Թե ինչ կտա ռեյտինգային ընտրակարգը Հայաստանի քաղաքական համակարգի կայացմանը, միգուցե ժամանակը ցույց տա, վերջիվերջո վեջնական ու հիմնավոր հետևություններ անելու համար ցանկացած պարագայում ժամանակ ու պրակտիկա է անհրաժեշտ: Բայց այն, որ, համենայնդեպս ներկա պահի դրությամբ, նույն այդ ընտրակարգն իսկական պատուհաս է դարձել շատերի գլխին, անվիճելի է. ակամա ականատես ես դառնում բաների, որոնք նախկինում այնքան անհավանական էին թվում:


Պարզվում է՝ կատարյալ շիլաշփոթ է ստեղծվել հատկապես Շիրակի մարզում, ուր, դատելով ամենայնից, ռեյտինգային ցուցակները դեռևս ճշգրտման փուլում են գտնվում: Իսկ շիլաշփոթը կայանում է նրանում, որ նախ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել ցանկացողների քանակն է անբնական մեծ, ապա՝ գաղափարական եզրագծերն այստեղ դարձել են խիստ պայմանական երևույթ: Թեկնածուների շարքերում են հայտնվել բժիշկներ, մարզպետարանի պաշտոնյաներ, գյուղապետեր, որոնց ոչ մի կերպ չես կարող մեղադրել գաղափարայնացվածության մեջ: Մի խոսքով՝ տարբեր մասնագիտությունների, նախասիրությունների ու հայացքների տեր մարդիկ, որոնց, սակայն, միավորում է ընդամենը մեկ բան. նրանք բոլորն էլ հենց իրենց են համարում արժանի՝ մաս կազմելու ապագա խորհրդարանի:


Պետք է նկատել, որ նրանց բոլորի ցանկությունը՝ լծվելու օրենսդրական աշխատանքի, բնավ էլ պայմանավորված չէ օրենսդիրի սեփական պոտենցիալի իրացման ցանկությամբ: Նրանցից շատերն էլ են, անկասկած, հասկանում, որ խորհրդարանն ամենևին էլ չի սրտնեղելու իրենց բացակայութունից. օրենք գրողներ, ոնց էլ չլինի, կգտնվեն: Միակ բանը, որ ռեյտինգայինով առաջադրվել ցանկացողներին այսօր հուզում է, ըստ էության, մեկն է՝ բավարարել սեփական նեղանձնային պահանջմունքներն ու բարելավել հասարակության մեջ զբաղեցրած դիրքը: Մի խոսքով՝ միայն Շիրակի մարզի օրինակը բավական է՝ վերջնականպես համոզվելու այն բանում, որ ռեյտինգային ընտրակարգը մի երևույթ է, որը ոչ մի կապ չունի ու չի կարող ունենալ որևիցե տեսակի քաղաքական գաղափարախոսության հետ. միակ վճռորոշ գործոնը, որ դեր է խաղում այս կամ այն մարդուն այս կամ այն կուսակցության ռեյտինգային ցուցակում ներառելու հարցում, տվյալ անհատի ազդեցիկությունն ու նյութական կարողությունն է, նրա ունակությունն՝ իրենով անելու հնարավորինս մեծ թվով ընտրողների, իսկ թե ինչպես կամ ինչ եղանակով, ամենևին էլ էական չէ: Բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ կարող են արդարացնել իրենց վրա խաղադրույք կատարող քաղաքական այս կամ այն ուժի վստահությունը ու գործը «պրավալ չտալ», կարող են ազատորեն դիտարկվել որպես ռեյտինգային թեկնածու:

 

Նման իրավիճակն, անկասկած, ծնում է մեծ թվով հարցեր, որոնք, ի դեպ, բազմաբնույթ են: Դրանցից, սակայն, ամենաուշագրավը, թերևս, մեկն է՝ այս ամենի հետ ժողովուրդն ի՞նչ կապ ունի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է սրա-նրա կարիերայի առաջընթացի ողջ բեռն ու պատասխանատվությունն ընկնի շարքային ընտրողի ուսերին, ինչո՞վ է հատկապես քաղաքացին մեղավոր այն բանում, որ ինչ-որ մեկը որոշել է կյանքում ընտրությունների միջոցով ինքնակայանալ…


Անկասկած է, ու դեռևս դրանում համոզվելու առիթներ շատ կունենանք, որ ռեյտինգային ընտրակարգ մտցնելու միակ «օգուտը» լինելու է ընտրությունների ապագաղափարայնացումը, դրանցում փողի դերի բարձրացումն ու ընտրությունների՝ որպես երևույթի վարկաբեկումը ժողովրդի աչքում. գործընթացը մեկնարկել է, ու այն այլևս անկասելի է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ