Փետրվարի 12-ին՝ ժամը 06:10-ին, Ալավերդու բժշկական կենտրոնում մահացել է Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանը։ 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասաց, որ հսկող գինեկոլոգը ծննդկան Անժելա Ղազարյանին 41 շաբաթականում զանգել-հրավիրել է, որպեսզի լինի հսկողության տակ:

 

«Ծննդաբերությունը տեղի է ունեցել ժամը 03.00-ին, ծննդաբերել է մեկ արական սեռի նորածին, քաշը 3.700 գ, նորմալ ծննդաբերական բիոմեխանիզմով,  պարանոցի շուրջ երկու անգամ պորտալարի փաթաթումով: Ժամը 03.10-ին ամբողջական ազատվել է ընկերքը, որից հետո կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն: Հիվանդի մոտ վիճակը կտրուկ վատացել է արյան ճնշման կտրուկ անկման և գիտակցության կորստով: Շտապ կարգով կատարվել է արգանդի խոռոչի ձեռքային ստուգում, ախտորոշվել է արգանդի պատռվածք»,- ասաց բժկական կենտրոնի տնօրենը:
 
 
Բժշկական կենտրոնի տնօրենն ասաց՝ ենթադրվում է, որ ծննդաբերության ընթացքում Անժելա Ղազարյանի մոտ տեղի է ունեցել տրոմբոէմբոլիա, որը, սակայն, դեռ պետք է հաստատի դատաբժշկական փորձաքննությունը:

Հիվանդի վիճակի վատթարացումից հետո հրավիրվել է բաժանմունքի վարիչը, ժամը 04:20-ին կյանքի ցուցումով կատարվել է Անժելա Ղազարյանի արգանդի վիրահատություն: Ստեփան Մոսինյանի խոսքով՝ հիվանդի վիճակը մնացել է ծանր և անգիտակից, արյան ճնշումը չի չափվել, զարկերակը չի շոշափվել:

 

«Վիրահատարանում կատարվել է արյան ներարկում, սակայն հիվանդի վիճակում լավացում չի նկատվել և փետրվարի 12-ին՝ ժամը 06:10-ին արձանագրվել է ծննդկանի մահ»,- ասաց նա:

 

Ըստ Ստեփան Մոսինյանի՝ հղիի արգանդի պատռվածքը տեղի է ունեցել կամ մինչև ծննդաբերելը, կամ ծննդաբերելու ընթացքում:

 

ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ երեխան ծնվել է թթվածնային քաղցով: Տնօրենի հավաստմամբ՝ նման ձևով ծնվող երեխայի մոտ բնական է՝ այդպես էլ պետք է լիներ: Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ, որով նորածնին տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ռեանիմացիայի բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխան ունի դրական դինամիկա. «Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, ստանում է համապատասխան բուժում: Երեխայի մոտ ախտորոշվել է թթվածնային քաղց՝ պորտալարի փաթաթվելու հետևանքով: Այժմ վիճակը դեպի դրականն է գնում»:

 

Լուսանկարը՝ hetq.am-ի:


Սոնա Հարությունյան