Որքան ավելի է մոտենում խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ավելի լարված նախընտրական մթնոլորտ է ձևավորվում ՀՀ մարզերում: Տավուշի մարզը նույնպես, այս տեսանկյունից՝ դուրս չի մնում նախընտրական խճանկարից: Այս մարզն ունի շուրջ 105 հազար ընտրող և յուրաքանչյուր կուսակցություն պետք է առնվազն 7 ռեյտինգային պատգամավոր առաջադրի: ՀՀԿ-ն, կարծես թե, կողմնորոշվել է Տավուշի մարզում ռեյտինգային առաջադրվող թեկնածուների հարցում: Ինչպես ասում են՝ կոմպլեկտը, կարծես, ամբողջական է, թեև ամենագլխավոր թեկնածուի հարցը դեռ մնում է օդում:

Նախընտրական գործընթացներն այս մարզում բավականին երկար ժամանակ է՝ ինչ ակտիվորեն զարգանում են: Նոր տարվա շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ Անդրանիկ Շառյանին շնորհել քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Իր նախկին խորհրդականին Բերդի «փարոսի պետ» նշանակելով՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններից առաջ Բերդի տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը: Ընտանեկան նպաստ եւ միանվագ, հրատապ դրամական օգնություններ տրամադրող Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնը շատ կարեւոր է: Այդ պաշտոնը տնօրինողը ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում կարող է շատ ձայներ ապահովել: Մանավանդ, որ Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը նախկինում քաղաքապետ է եղել, ով 10 տարի ղեկավարել է Բերդը և բազմաթիվ կողմնակիցներ ունի:

Այս օրերին, սակայն, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ մարզում ակտիվ շրջանառվում է, որ մարզպետ Հովիկ Աբովյանը ռեյտինգայինով առաջադրվելու մտադրություն չունի, բայց, կարծես թե ունի նոր հովանավորյալ՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Նազարյանը, ում օգտին էլ քարոզ տանելու է իր «պռոտեկցիայի»շրջանակում: Մինչդեռ հստակ հայտնի է, որ ՀՀԿ-ն մարզերում հիմնական շեշտը դնում է կուսակցական մարզպետների վրա և եթե կուսակցությունից հստակ հրահանգ լինի, ապա մարզպետ Աբովյանը չի խուսափի մասնակցելու ճակատագրից՝ ուզի թե չուզի: Ի վերջո, Հովիկ Աբովյանը շատ լավ գիտակցում է, որ մարզում գոնե ինքը՝ ձայներ բերել չի կարողանա, անցած ՏԻՄ ընտրությունները դա շատ հստակ ի ցույց դրեցին, իսկ երկրորդ անգամ նման տանուլը կարող է իր պաշտոնի համար թանկ արժենալ:

Այս պահին հայտնի է, որ ՀՀԿ-ից առաջադրվելու են Գրիգոր Ավալյանը՝ «Գրանդ տոբակո»-ի հաշվապահը՝ Բերդից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հաոբյանը («Կիլիկիայի Հակոբը»), ԵՌՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը, Իջևանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, նաև բուժքույր՝ Հաղարծինից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա այս պահին հայտնի է, որ ռեյտինգային առաջադրվելու են բոլոր ուժերի՝ մարզի պատասխանատուները. օրինակ, «Հայկական վերածնունդ»-ից՝ մարզի պատասխանատու Վահե Վարդապետյանը, նաև Դիլիջանի քաղաքապետի պարտված թեկնածու Ժորա Սահաբալյանը: ՀՅԴ-ից առաջադրվելու են մարզի պատասխանատու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը և Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ՀԱԿ-ից՝ մարզի պատասխանատու Արթուր Աթաբեկյանը: 

Տավուշի մարզը ՀՀ ամենախնդրահարույց մարզերից է, և այստեղ բնակչության ձայները ստանալը կուսակցությունների և դաշինքների համար «հեշտ զբոսանք» չի լինելու: Մարզում մինչ օրս առկա են հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ քաղաքական կամք: Տավուշցիներն այսօր կարոտ են թե՛ առաջին բաղադրիչին, և թե՛ երկրորդին: Սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերը չեն տալիս սպասված արդյունքը, և նոր խորհրդարանից բնակչությունը որակապես նոր աշխատանք և նոր մոտեցումներ է ակնկալում՝ մարզը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ