«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանն արդեն երկրորդ շաբաթն է` չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալին: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցները անձնական խուզարկություն կատարելու պահանջ են ներկայացնում: Այս մասին  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոնիկա Մարգարյանը, ով հրաժարվում է այդ գործողություններից և չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալին:

«Արդեն որերորդ անգամն է՝ ապօրինի պահանջ են ներկայացնում՝ անձնական խուզարկություն կատարելու, ուզում են ստուգել պայուսակս, երկարաճիտ կոշիկներս, գրպաններս»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրեն արգելեցին ներս մտնել, այսինքն՝ քննչական գործողությունը պետք է կատարեն առանց պաշտպանի: 

Ըստ փաստաբանի՝ պաշտպանական իրավունքի խախտում է տեղի ունենում. «Արտաքին աշխարհի հետ կապն իմ պաշպանյալը կարողանում է պահել միայն իմ միջոցով, իսկ ես պատշաճ իրավաբանական օգնություն չեմ կարողանում տրամադրել»:

Փաստաբանը նշեց, որ յուրաքանչյուր անգամ, երբ ՔԿՀ-ի աշխատակիցները խուզարկության պահանջ են ներկայացրել, ինքը դիմում է գրել ՀՀ ՄԻՊ-ին. «Որևէ արձագանք չկա, պատասխանում են, որ դիմումը քննարկման փուլում է, բայց մինչ այդ խախտվում է իմ պաշտպանյալի պաշտպանական իրավունքը»:

Մոնիկա Մարգարյանը հայտնեց նաև, որ Քրեկատարողական վարչությանն է դիմում գրել, սակայն պատասխանել են, որ ուսումնասիրել են և գտել են, որ դա իրավաչափ գործողություն է, և ՔԿՀ-ի աշխատակիցներն իրավունք ունեն անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին. «Վկայակոչում են կառավարության որոշումը, որը չի կարող կիրառվել փաստաբանի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 218-րդ հոդվածով՝ պատանդ վերցնելը:

Սոնա Հարությունյան