Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ս.թ. փետրվարի 14-ին, մոտավորապես ժամը 11.20-ին այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանյալներիս՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով:

Քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանի ներկայությամբ մետաղադետեկտոր սարքով ստուգել են ինձ մոտ առկա փաստաթղթերը եւ հաստատել, որ փաստաթղթերում որեւէ մետաղական կամ այլ արգելված իր չկա, որից հետո ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանն ինձ հարց է ուղղել, թե արդյոք ինձ մոտ առկա փաստաթղթերում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնք պարունակում են քաղաքական կոչեր: Իմ պահանջից հետո՝ հայտնել, թե ինչ լիազորություն է նա իրականացնում, որ օրենքով է նախատեսված այդ լիազորությունը, նա հեռացավ եւ ես առաջացա տեսակցությունների համար նախատեսված սենյակ:

Քիչ անց տեսակցությունների համար նախատեսված սենյակ ժամանեցին նույն Խ. Ավետիսյանը եւ ՔԿՀ պետի մեկ այլ տեղակալ Գ. Սիմոնյանը, ովքեր հայտնեցին, որ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ես տրամադրեմ իրենց ինձ մոտ առկա փաստաթղթերը եւ եթե դրանք ուսումնասիրելուց, դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո իրենք կհամոզվեն, որ դրանք բացառապես պաշտպանյալներիս քրեական գործերին վերաբերող փաստաթղթեր են: Իմ կողմից մերժում ստանալով՝ նրանք հայտնեցին, որ տեսակցությունը պաշտպանյալներիս հետ արգելվում է, ինչի մասին ՔԿՀ պետի որոշումը ինձ տրամադրվել է ժամը 16.15-ին:

Իր մոտ առկա փաստաթղթերը տրամադրելու պահանջի ներկայացումը փաստաբանին անօրինական միջամտություն է փաստաբանական գործունեությանը եւ փաստաբանական գաղտնիքը պահպանելու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջի խախտում է:

Ինձ մոտ առկա փաստաթղթերը ներկայացնելուց հրաժարվելու հիմնավորմամբ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելու որոշմամբ խոչընդոտվել է իմ կողմից իմ մասնագիտական լիազորությունների իրականացումը, այն է՝ ես զրկվել եմ պաշտպանյալներիս անարգել տեսակցելու հնարավորությունից, ինչի հետեւանքով սահմանափակվել է արդյունավետ իրավական օգնություն ստանալու պաշտպանյալներիս իրավունքը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց վերոնշյալ գործողությունները եւ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելը ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ եւ կամայական են, այլեւ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասով եւ 309 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերը, ուստի սույն հայտարարությունը խնդրում եմ դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցել քրեական գործ եւ իրականացնել նախաքննություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»