Շատ է խոսվել այն մասին, որ նոր Ընտրական օրենսգրքով սահմանված ռեյտինգային ընտրակարգը 2017-ի ընտրությունների հեղինակության ու անցկացման որակի վրա կարող է ու անխուսափելիորեն թողնելու է խիստ բացասական ազդեցություն՝ վերածվելով սովորական գզվռտոցի՝ հանուն պատգամավորական մանդատի՝ չենթարկվելով քաղաքագիտական որևիցե նորմի ու, ըստ էության, զուրկ լինելով քաղաքական ժանրին բնորոշ ամեն տեսակ կանոններից:

Եվ ահա պարզվում է՝ ընտրությունների օրը դեռ չեկած ու նույնիսկ ընտրարշավը դեռ չսկսված՝ սույն նորամուծության դառը պտուղներն արդեն իսկ հնարավոր է դարձել քաղել, ու բոլոր նրանք, ովքեր հենց այժմվանից են ցանկանում մոտավոր պատկերացում կազմել, թե, ասենք, առաջիկայում ի՞նչ է կատարվելու ողջ հանրապետության տարածքով մեկ, կարող են ձեռքի հետ, երբ ազատ ժամանակ կունենան, ուսումնասիրել Երևանի Արաբկիրի շրջանում տեղի ունեցող նախընտրական գործընթացները. այն, ինչ կատարվում է այժմ քաղաքի այդ հատվածում, ավելին, քան «գլադիատորական մարտեր» չես անվանի. իրար են ուտում:

Իսկ հիմնական գիշատչի դերում հանդես է գալիս հանրահայտ գործարար Արտակ Սարգսյանն, ով, երևում է, որոշել է այս անգամ էլ ինչ էլ լինի՝ մանդատ ստանալ: Սարգսյանն, ինչպես և ակնկալվում էր, ամենևին էլ «մերկ ձեռքերով» չէ, որ նետվում է կենցամահու պայքարի մեջ. նա իր կողքին ունի մեկին, ում պես թիմակցի մասին կարող են երազել շատերը. Հրայր Անտոնյանն է, ով,հանդիսանալով Սարգսյանի հովանավորյալն, ամբողջ բեռը վերցրել է սեփական ուսերին ու առանց միջոցների մեջ խտրականություն դնելու՝ ձեռնամուխ է եղել ՍԱՍ-ի Արտակի համար ընտրազանգված հավաքագրելու գործին: Իսկ ընտրազանգվածի հետ ամենատարբեր բնույթի շփումները կայանում են անխտիր ամենուրեք՝ լինեն դրանք կրթական հաստատություններ, թե՝ «բիսետկաներ»: Իսկ թե հատկապես ինչի մասին է խոսք գնում Անտոնյանի կողմից վարվող զրույցներում ու կազմակերպվող հանդիպումներում, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. խոսակցության հիմնական թեման, ըստ էության, փողն է. ասում են՝ Սարգսյանն այս անգամ ահագին առատաձեռն է լինելու ու մի լավ գրպանները դատարկելու է՝ 1 ձայնը գնահատելով 100 դոլար: Եվ հիմա, փաստորեն, կարելի է ենթադրել, որ ցուցակների ճշգրտման փուլում են՝ վստահ լինելու,որ իրենց չեն գցի ու կաշառքը տեղ կհասնի: Կարճ ասած՝ փողի թեմայով «բազարները» վստահվել են հենց Հրայր Անտոնյանին, ով էլ, սեփական կաշվից դուրս գալով, փորձում է Սարգսյանի առջև այս արևի տակ սեփական գոյությունն ամեն գնով արդարացնել:

Թե ինչ պտուղ կտա Սարգսյան-Անտոնյան անզիջում տանդեմն, իհարկե, պարզ կդառնա ընտրությունների հաջորդ օրը միայն, բայց այն, որ այս ամենով ևս մեկ անգամ հաստատվում է այն մտավախությունը, որ 2017-ի ընտրությունների անցկացման որակը որևիցե բանով չի տարբերվելու բոլոր նախորդներից հիմնականում հենց յուրատեսակ նորամուծություն հանդիսացող ռեյտինգային ընտրակարգի պատճառով, փաստ է. եթե մայրաքաղաքում է նմանօրինակ իրավիճակ, էլ ի՞նչ խոսենք մարզերում սպասվող քաղաքական բատալներից, ուր, ինչպես հայտնի է, ընդամենը մեկ օրենք է գործում՝ ջունգլիի օրենքն, ուր ուժեղը կուլ է տալիս թույլին:

Իսկ թե ի՞նչ է ասել մեզանում լինել թույլ, թերևս, գիտեն բոլորը. թույլը նա է, ով «զոռբա» չէ, թույլը նա է, ով իր քաղաքական հաղթանակը պայմանավորում է ոչ թե փող բաժանելով, այլ՝ գաղափարախոսությամբ՝ մի բան, որ, կարծես, վաղուց օտարացած է մեզանից, մի բան, որ այլևս արժեք չունի՝ ի հեճուկս բանականության բոլոր օրենքների…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ