Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր տեղի ունեցավ «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը: Սակայն,  այս անգամ ևս, նիստին ներկա չէր գործով առանցքային տուժող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը դիմում էր ուղարկել դատարան, որում նշում էր, որ ներել է «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և տուժողի դիրքերից հանդես գալ չի ուզում և չի ցանկանում ներկա գտնվել սույն նիստերին:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ արդար դատաքննություն իրականացնելու համար, առնվազն մեկ դատական նիստին պետք է ապահովվի Տիգրան Ուրիխանյանի ներկայությունը՝ ցուցմունք տալու տեսանկյունից:

Հիշեցնենք՝ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Մեղադրանքի համաձայն՝ նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ապացույցների հետազոտման ժամանակ դատարանի ուշադրությունը հրավիրեց ծառայությունների մատուցման պայմանագրի վրա, ըստ որի՝ Տիգրան Ուրիխանյանը 1 տարի ժամկետով ամսական 300.000 դրամ պետք է վճարեր՝ գովազդի համար:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է նաև ՎՏԲ բանկից խոշոր չափի՝ 1 մլն դրամի շորթում կատարելու մեջ:

Այս գործով ապացույցների հետազոտումը կշարունակվի նաև մարտի 6-ին: