Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վատթար վիճակի մասին հայտնի է բոլորին: Ասել, թե դրանք սառն են, խիստ լավատեսական կլիներ, քանի որ հարաբերություններ, որպես այդպիսին, ըստ էության, գոյություն էլ չունեն:

Բայց արի ու տես, որ երբ խոսքը վերաբերում է տնտեսական շահերին, երբ խոսքը վերաբերում է բիզնեսին, այդ չեղած հարաբերությունները հեշտորեն մոռացվում են. մեջտեղ է գալիս առևտուրն ու հաստատում սեփական օրենքները՝ հիմնված բացառապես նյութական շահի վրա:

Ստացվել է այնպես, սակայն, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի մեջ, որն, ի դեպ, տարեկան հասնում է միլիոնավոր դոլարների, որպես հիմնական շահող կողմ՝ հանդես է գալիս հարևան ու ոչ բարեկամ Թուրքիան, որն, ի դեմս Հայաստանի, ձեռք է բերել մի շուկա, ուր հաջողությամբ իրացնում է սեփական գյուղմթերքի, և ոչ միայն, մի մասը: Ճիշտ է՝ որպես շուկա՝ Հայաստանն այնքան էլ գրավիչ չէ, քանի որ փոքր է ու սակավ բնակչությամբ, բայց ահա որպես յուրատեսակ պալիգոն, որտեղից թուրքական գյուղմթերքի կրկնակի արտահանում է իրականացվում, Հայաստանը կարծես թե անփոխարինելի է դարձել Անդրկովկասում:

«Եվրազիա. էքսպերտ» պարբերականն օրերս հրապարակել էր մի յուրատեսակ ցուցանիշ, որից պարզ է դառնում, որ անցյալ տարի Հայաստանից ՌԴ է արտահանվել 36 հազար տոննա լոլիկ: Միայն առաջին կիսամյակում՝ այդ ցուցանիշը 30 հազար տոննա էր կազմել, ինչը նշանակում է, որ տարվա երկրորդ կեսին արտահանվել է ընդամենը 6 հազար տոննա այն պարագայում, երբ առաջին 6 ամիսներին արտահանված լոլիկի քանակը ուղիղ 5 անգամ գերազանցել է 2016-ի վերջին վեց ամիսների ցուցանիշը: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ամենևին էլ ոչ հայկական լոլիկի հետ, այլ, ինչպես հաճախ է մեզանում պատահում, հարևան Թուրքիայից էժան գներով ներկրած ապրանքի. 30000 տոննայի առյուծի բաժինն, ըստ էության, թուրքական ապրանք է եղել: Ի դեպ՝ նշենք, որ սույն պարբերականն ամենևին էլ չի բացառել Հայաստանից թուրքական լոլիկի արտահանման հնարավորությունը:

Այն, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ներկայում հայտնվել է կատարյալ կոլապսի եզրին, իսկ գյուղացիության վիճակն էլ ավելի քան օրհասական է, խոստովանում են նույնիսկ նրանք, ովքեր սովոր են կոծկել թերություններն ու բացթողումները: Նման վիճակի պատճառը, թերևս, այն է, որ պետությունն այդպես էլ՝ հակառակ խոստումների, մինչև վերջ չի կանգնում գյուղացիության կողքին ու տեղացի արտադրողին աջակցելու, ջերմոցային տնտեսությունները ոտքի կանգնեցնելու փոխարեն՝ վարում է մի քաղաքականություն, որի արդյունքում անհատ ներկրողները՝ հայտնի ու անհայտ, օգտվելով Հայաստանի գյուղատնտեսական շուկայում ստեղծված անբնական վիճակից, ի հաշիվ տեղի գյուղացիների՝ գերշահույթներ են ստանում՝ Հայաստանը վերածելով տարածքի, որտեղից տեղի է ունենում կրկնարտահանում. ի դեպ՝ պաշտոնական ցուցանիշներում՝ Հայաստանից կատարված արտահանումներին վերաբերող թվերում էականորեն արտահայտված են նաև կրկնարտահանումները, ասենք՝ նույն Թուրքիայից ներկրած ու Ռուսաստան արտահանած լոլիկը:

Թե երբ է կարգավորվելու այս խնդիրն, ու երբ է հայ գյուղացին զգալու սեփական պետության աջակցությունը, կամ երբ է Հայաստանից արտահանվելու ոչ թե թուրքական, այլ հայկական լոլիկ, ցավոք, դեռևս հայտնի չէ, բայց որ նման տեմպերով շարունակելու դեպքում առու թափվող գյուղմթերքի ծավալները միայն մեծանալու են, անկասկած է. գյուղատնտեսությամբ զբաղվելը Հայաստանում դարձել է անշահավետ ու ոչ ձեռնտու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ