Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ նախորդ երկու ամիսներն էր ամփոփում։ Նրա խոսքով, կենդանիների պատվաստանյութերի վրա գումար են տնտեսել, խնայել են պարարտանյութերի սուբսիդավորմանն ուղղված միջոցները․ նախորդ տարվա 2 միլիարդ 110 միլիոն դրամի փոխարեն սուբսիդավորմանը կուղղվի 900 միլիոն դրամ։ Տնտեսած միջոցների հաշվին, սակայն, գյուղացիներին տրամադրվող պարարտանյութի գինը չի նվազի, այլ կմնա նույնը՝ մեկ պարկի համար 6000 դրամ։

Պարզվում է՝ նախարարի վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր ավելի նպատակահարմար է գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ աջակցություն տրամադրել, քան շարունակել պարարտանյութի սուբսիդավորումը տանել դեպի նվազումը: Սակայն այդ վերլուծությունները, կարծես թե, գյուղացիների կենսապայմանների բարելավման վրա որևէ էական նշանակություն չեն ունենա, քանի որ հանրապետության անսարք գյուղտեխնիկայի տոկոսը նույնպես նվազելու միտում չունի: Ինչպես 35% եղել է, այնպես էլ կա… Արդեն երկու տարի է չի վճարվում նաև խաղողագործների պարտքը։ Նախարարության տվյալներով, գինի ու կոնյակ պատրաստող ընկերությունները 1 միլիարդ 467 միլիոն դրամ են պարտք։ Եվ դեռևս պարզ չէ, թե այդ երբ և ինչ մեխանիզմով կհաջողվի զգալիորեն կրճատել այդ պարտքը:

Գյուղացիներն այսօր վարկերի ու պարտքերի տակ կքած են։ Վարկավորման հարցը, ըստ նախարարի, ամենաբարդն է։ Իգնատի Առաքելյանը դեռ չգիտի՝ ինչպես անել, որ գյուղացուն էժան տոկոսադրույքներով վարկեր տրամադրվեն և նույնսիկ չի էլ հասկանում՝ ինչ կարելի է անել, որովհետև դա՝ ըստ նրա` այդքան Գյուղատնտեսության նախարարության ուղղությունը չէ, ինչքան՝ բանկերի, Կենտրոնական բանկի: Այդ հարթակում պետք է հարցը լուծվի: Կրկին գործը միմյանց վրա բարդելու դասական քաղաքականության ենք ականատես լինում, ինչը՝ բնավ չի նպաստելու ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծմանը:

Մեր հանրապետությունում գյուղմթերքի իրացման հարցը փորձում է լուծել գյուղացին՝ միայնակ: Մինչդեռ նախարարությունը պետք է ծրագրեր առաջարկի եւ հետեւի դրանց իրականացմանը: Ու այստեղ բնական հարց է առաջանում՝ գյուղմթերքի իրացումը արդյոք գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների լիազորությունների շրջանակում է: Պատասխանը ստացվում է՝ ոչ ուղղակի, բայց գյուղմթերքի իրացման համար անհրաժեշտ տնտեսական պայմաններ ստեղծելուն նպաստող քաղաքականության մշակումն ու իրագործումը նախարարության ուղղակի պարտականությունն է: Ոլորտի զարգացմանը նպաստելը նույնպես իրենց պարտականությունն է: Բայց ստացվում է, որ նախարարությունն իր պարտականությունները չի հասցնում պատշաճ կարգով իրականացնել: Փաստորեն, նախարարություն, որը ոչինչ չանելու դիմաց պետությունից տարեկան ավելի քան 15 մլրդ ՀՀ դրամ գումար է ստանում:

 Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ