Երևանի պետական համալսարանում բարձր առաջադիմության համար նախատեսվող զեղչից ոչ բոլոր գերազանցիկներն են օգտվելու: Փոխարենը՝ յուրաքանչյուր ֆակուլտետի հատկացվելու է 50 հազար դրամ կազմող կրթաթոշակների որոշակի քանակ: Իսկ թե գերազանց սովորողներից ու՞մ պետք է տրամադրվի կրթաթոշակ, ում՝ ոչ, որոշում է յուրաքանչյուր ֆակուլտետի դեկանատ:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Դավիթ Պետրոսյանի հետ, ով Կարեն Կարապետյանի և ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հարց էր բարձրացրել:

«Որոշումը ոչ միայն ոտնահարում է գերազանց սովորող ուսանողների շահերը, այլև նրանց, ովքեր ձգտում և պայքարում են բարձր առաջադիմություն ունենալու համար»,- նշում է ուսանողը:

Փոփոխության դեմ պայքարի նախաձեռնությունը ուսանողները մոտ մեկ շաբաթ է, ինչ սկսել են, եղել են 5 հոգով, բայց տարբեր ֆակուլտետներից ուսանողներ արդեն նրանց են միացել:

«Նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով համալսարանի բյուջեն: Գերազանցիկների թիվը շատացել է, համալսարանն էլ բավարար ֆինասնական ռեսուրս չունի այդքան ուսանողի զեղչ տրամադրելու համար»,- ասում է ուսանողը՝ ենթադրելով, որ եթե գերազանցիկների թիվն ավելացել է, ուրեմն զեղչի արտոնության դերը դրանում մեծ է:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ համալսարանի բյուջեից ելնելով են այդ որոշումը կայացրել: Հիմա փորձում են ֆինանսական ռեսուրսներ գտնել հարցը կարգավորելու համար:

Որպեսզի լավագույնների իրավունքները չոտնահարվեն, որոշել են 200 ուսանողի կրթաթոշակ տրամադրել: Ստացվում է, որ թե՛ կրթաթոշակից, թե՛ զեղչի արտոնությունից ոչ բոլոր գերազանցիկները կարող են օգտվել:

Հաշվի առնելով, որ ուսման վարձի վճարման շրջանն արդեն սկսել է, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ վերջնական որոշման կայացումը ձգձգվի և այս կիսամյակ ուսանողները տուժեն, Գրիգորյանն ասաց՝ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի:

Արաքս Առաքելյան