Հայաստանը մարդասիրակիան օգնության հերթական պմբաքանակն է առաքել Սիրիա: Հագուստով, քնապարկերով, սննդամթերքով և բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրէջ է կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող Հմեյմիմ ավիաբազայում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ Սիրիա է առաքվել շուրջ 20 տոննա բեռ: «Բեռը տեղափոխվելու է Լաթաքիայի ռուսական ավիաբազա, որտեղից էլ մեքենաներով կտեղափոխվի Հալեպ' ռուսական զինվորական շարասյան ուղեկցությամբ»,-  ընդգծեց նախարարը:

Մարդասիրական օգնությունը հայկական համայնքի աջակցությամբ բաժանվելու է նաև սիրիացիներին: «Մարդասիրական օգնության այս խմբաքանակում ավելի շատ գերակշռում է հագուստն ու քնապարկը»,- եզրափակեց Դավիթ Տոնոյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին 4 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում և ՀՀ նախագահի հովանու ներքո 4 ինքնաթիռ բեռ է ուղարկվել Սիրիա: «Սրա կարևորությունը ոչ այնքան նյութական է, որքան' բարոյական: Մեր հայրենակիցներն այնտեղ շատ վստահ և ուրախ են զգում, որ հայրենիքը իրենց կողքին է: Այս տարիների ընթացքում այնտեղ գործում է շտապ օգնություն կառույցը մեր հոգևոր թեմերի ղեկավարությամբ, որը ոչ միայն բեռներն է ընդունում, տեղավորում, բաժանում հայերին և սիրիացիներին, այ լ նաև կազմակերպված ձևով լուծումներ է գտնում Սիրիայի տարբեր վայրերում առաջ եկած խնդիրներին»,- ասաց Հակոբյանը:

Նա նաև հայտնեց, որ Կրասնոդարի հայկական համայնքը ալյուր է ուղարկել Հալեպ, որտեղ հայերը փռերում հաց են թխել և հայկական հաց անվան տակ բաժանել են սիրիացիներին: «Այսինքն, մենք նաև այս եղանակով մեր ջերմությունն ու աջակցությունն ենք փոխանցել Սիրիայի բարեկամ ժողովրդին: Ես նրանց համբերություն եմ մաղթում և օր առաջ խաղաղություն»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ Հայաստանը Սիրիա էր առաքել փետրվարի 14-ին: Բեռն այդ ժամանակ հագեցած է եղել սննդամթերքով և առաջին անհրաժեշտության տարբեր իրերով: