Առողջապահության ոլորտը հանդիսանում է ամենազգայուն ոլորտներից մեկը: Հաճախ մեր քաղաքացիները հայտնվում են անօգնական վիճակում, չիմանալով ինչ անել, քանի որ պետությունը և, այսպես կոչված, պետական պատվերը անհասանելի է և անմատչելի շատերի համար: Ինչպես գիտենք, «Ծառուկյան» դաշինքն օրերս ներկայացրել է 15 դրույթներից բաղկացած առաջնահերթ քայլերը, որոնք պետք է կյանքի կոչվեն խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում: Այս առաջնահերթ քայլերի շարքում հարկավոր է առանձնացնել առողջապահական համակարգին վերաբերող ծրագրային առաջարկները, որոնք, ինչ խոսք, բխում են ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:

«Ծառուկյան» դաշինքը մասնավորապես առաջարկում է՝ առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել, ինչը հստակ երաշխիք կլինի, որ մարդիկ ստանան իրենց հասանելիքը՝ պետությունից:

Երբ անցած տարվա սկզբից գրիպի Ա տեսակի H1N1-ի վարակի տարածման դեպքերը բավականին շատ էին, անգամ մահվան դեպքեր էին արձանագրվում, մարդիկ անհանգստացած էին, առողջապահության նախարարությունն իրավիճակը կայունացնելու համար սահմանեց անվճար բուժում՝ նշված հիվանդությունների համար: Բայց ինչպես ամեն լավ բան, այնպես էլ պետպատվերը՝ վերջ ունի: Բազմաթիվ հիվանդներ սուր շնչառական հիվանդության դեպքերով շարունակում էին դիմել հիվանդանոցներ եւ անակնկալի հանդիպում. հիվանդանոցներում նրանց տեղեկացնում էին, որ այլեւս այդ հիվանդությունների բուժումն անվճար չէ, պետությունը չի հոգում հիվանդանոցային այդ ծախսերը: Բացի այդ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում պետպատվերով բուժվող հիվանդները վճարում են հետազոտությունների դիմաց:

Պարզ չեն անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բուժօգնության ենթակա հիվանդությունների ցանկերի որոշման չափանիշները: Պետական ֆինանսավորման ծավալները չեն բավականացնում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի ցանկում ներառված անձանց անհրաժեշտ եւ որակյալ բուժօգնություն տրամադրելու համար, մինչդեռ այդպիսի անձանց դիմելիության թիվը տարեցտարի աճում է: Այդպիսի անձանց անվճար տրամադրվող դեղորայքը բավարար արդյունավետ չէ:

Հենց այս խնդիրները բացառելուն են ուղղված «Ծառուկյան» դաշինքի առաջարկները, որոնք ավելի քան իրատեսական են և արդյունավետ ազդեցություն կարող են գործել ոլորտի զարգացումը ապահովելու վրա:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ