Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանի ութ աշակերտ այսօր կեսօրին տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Մեծամորի բժշկական կենտրոնից: Մեզ փոխանցեցին՝ երկուսը դուրս են գրվել, երեքի առողջական վիճակը բավարար է, երեքն էլ հենց սկզբում բուժզննում են անցել ու անմիջապես դուրս գրվել: 

Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը պատմեց, որ ուսուցիչը մտել է դասասենյակ և նկատել, որ երեխաների ինքնազգացողությունը վատ է: Երեխաներին տեղափոխել են Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Մանվել Օհանյանի խոսքով՝ նախնական վարկածով՝ աշխակերտները թունավորվել են գազի արտահոսքից, քանի որ դասարանը ջեռուցվում է գազի վառարանով:

«Դասասենյակները տաքացվում են «տուրբո» վառարաններով: Ըստ ներկա գտնված երեխաների վկայության՝ տղաները նստել են վառարանի վրա, մի քանիսը քաշքշել են, թե՝ մի նստեք, որի արդյունքում էլ ծխատար խողովակը խախտվել է և գազի արտահոսք է եղել: Չորրորդ ժամին ուսուցիչը նկատել է, որ երեխաներից մի քանիսը վատ են զգում իրենց, գլխապտույտ ունեն: Մենք բոլորին հանեցինք մաքուր օդին: Ես զանգեցի տեղամասային բժշկուհուն, սանէպիդկայան, վարչության պետին, որ նման բան է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը:

Հասմիկ Սրապիոնյանի խոսքով՝ 14 աշակերտների մի մասին տարել են տեղամասային պոլիկլինիկա, իսկ մի քանիսին գյուղապետը տարել է Մեծամորի բժշկական կենտրոն: 4-ին ուղարկել են տուն, միայն մեկն է հիվանդանոցում:

Սոնա Հարությունյան