Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արցախում ընթանում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին հետևելու համար Արցախ են ժամանել օտարերկրյա դիտորդներ։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն, անդրադառնալով Արցախում ընթացող սահմանադրության հանրաքվեին, նշեց, որ այս նոր սահմանադրության մեջ շատ վտանգավոր կետ կա. «Այս նոր սահմանադրությամբ տարածքների մասին հստակ ոչինչ գրված չէ: Եթե վաղը՝ սահմանադրության ընդունումից հետո, մեզ հարցնեն՝ ո՞րն է մեր հասցեն, մենք չենք կարող ասել, որովհետև սահմանադրությամբ դա նախատեված չէ: Սա դատապարտելի քայլ է՝ հաշվի առնելով, որ նման կարևորագույն բացթողումը տեղի է ունեցել Արցախի իշխանությունների և սահմանադրական բարեփոխումների նախագիծը գրողների կողմից»: 

Ըստ մեր զրուցակցի՝ Արցախի սահմանադրության նախագծի մեջ տարածքների վերաբերյալ հստակ նորմերի բացակայությունը կարող է կատարված լինել կամ դիտավորյալ, կամ՝ անգիտակցաբար. «Եթե դա դիտավորյալ  քայլ է, ապա ես այն համարում եմ քաղաքական թուլամորթություն, դավաճանություն, դրանով ժողովրդին տանում են մատնության: Սահմանադրության մեջ տարածքների վերաբերյալ կա հիբրիդային մոտեցում, և, հետևաբար,  դրանով ժողովրդին տանում են մատնության: Իսկ եթե անգիտակցաբար է արվել, ապա անգրագիտություն և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»: 

ԱԺ նախկին պատգամավորի համոզմամբ՝ իր տեսակետն, ավելի ուշ, կպնդեն նաև ուրիշները, քանի որ եթե սահմանադրության հանրաքվեից առաջ քարոզարշավի ընթացքում այդ մասին չեն խոսել, ապա կխոսեն վաղը. «Եթե այսօր ես դա չասեմ, վաղը բոլորը կասեն դրա մասին: Սա ամենավտանգավոր կետն է, իհարկե, առկա են նաև այլ վտանգավոր և վիճելի կետեր»:

Արդյոք տարածքների վերաբերյալ նման բացթողումը կարո՞ղ էր չգիտակցված բացթողում համարվել, հարցին պարոն Բադասյանը պատասխանեց. «Այո՛, ես արդեն վերջերս սկսել եմ համոզվել, որ դա տեսակի հարց է. կան հայեր, ովքեր միշտ առաջնագծում են, միշտ պայքարում են, կան նաև այնպիսիները, ովքեր շատ պարզունակ են, ոչինչ հաշվի չեն առնում, իսկ Արցախում իշխանության մեծամասնությունը հենց այսպիսին է»

Աղավնի Սուքիասյան