Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Իսպանիայի ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբին, որի կազմում են մեքսիկացի դասախոսներ Ռոդրիգո Գոմես Գարսիան և Կառլոս Անթառամյանը, բրազիլացի դասախոս Հեիտոր Լորեյրոն, ուրուգվայցի նախկին պատգամավոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան և իսպանացի պրոֆեսոր Անտոնիո Էլորսա Դոմինգեսը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախ այցելելու համար և նշել, որ մեծ ուրախությամբ է ընդունում տարբեր երկրներից կազմված խմբին՝ կարևորելով նրանց մասնակցությունը Արցախի Հանրապետության համար ուշագրավ քաղաքական իրադարձությանը:

Ուրուգվայի նախկին սենատոր, Ուրուգվայ-Ղարաբաղ բարեկամական ֆորումի անդամ Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան շնորհակալություն հայտնելով հրավերի համար նշել է. «Ուրուգվայը հանրաքվեների մեծ փորձ ունի, և այսօր ես կարող եմ ասել, որ այն ինչ կատարվում է այստեղ՝ ձեր երկրում, ևս մի քայլ է ուղղված ժողովրդավարության զարգացմանը: Մենք վստահ ենք, որ Արցախում առկա են բոլոր պայմանները միջազգային ճանաչման համար, և մենք ներդնելու ենք մեր ջանքերը այդ գործընթացին աջակցելու համար»:

Այնուհետև, պատասխանելով դիտորդական խմբի անդամների հարցերին, Աշոտ Ղուլյանը անդրադարձել է Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխություններին և հանրաքվեի մասնակցության նախնական տվյալներին: