Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով նախընտրական զարգացումների և դրանց հետևանքների մասին, նշեց, որ իր տպավորությամբ՝ բոլորն ուզում են մտնել քաղաքականություն, սակայն կա չոր նպատակ, այն է՝ հայտնվել Ազգային ժողովում: «Ծախսում են միլիոններ, ուզում են  հայտնվել Ազգային Ժողովում, սակայն անգամ  կոճակ սեղմել չեն կարող: Անորակին տանում են խորհրդարան»,- ասաց  Արամ Մանուկյանը: 

 

Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ Հայաստանի համար ձախողված քայլ է նաև այն, որ բոլորն ասում են՝ պետք է տարբեր միջոցներ ձեռնարկել, երկիրը զարգացնել, բայց լուծման եղանակները չեն մատնանշում:

 

Բանախոսի համոզմամբ՝ ստղծված այս վիճակին  հակադարձում է  ՀԱԿ-ը. «Մենք ասում ենք դառը իրականությունը և հասնելով վտանգավոր փուլի, շեշտում ենք որոշ թվեր՝ համարձակ նայելով իրականությանը և լուծումներ առաջարկելով»: 

 

Ըստ Արամ Մանուկյանի՝ Հայաստանում իրականությունն այսպիսին է՝ վերջին 17 տարվա ընթացքում ՀՀ-ում դպրոցականների թիվը նվազել է 250 հազար աշակերտով: Սրանից կարելի է ենթադրել, որ այդքան տղա չի գնալու բանակ: «Մարդիկ իրենց երեխաներին տանում են Հայաստանից՝ հենց զորակոչային տարիքին հասնելուց առաջ: Սրան ավելանում է նաև բանակում կատարվող սպանությունների աճի դինամիկան»:

 

Արամ Մանուկյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնք հնչեցրեց որպես ահազանգ. «Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի բնակիչներ չեն մշակում իրենց հողերը, լքում են իրենց տները: Հայաստանից օրական 11-12  ինքնաթիռ է մեկնում Ռուսաստան՝ վերադառնում՝ կիսադատարկ: Հայաստանը պարզապես դատարկվում է»:

 

Տեսանյութն՝ ավելի ուշ: