Արցախի Սահմանադրական հանրաքվեն անցկացվել է ճշգրիտ, թափանցիկ և միջազգային չափորոշիչներին համահունչ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՄՆ դիտորդական խմբի ներկայացուցիչ Գել Տորեն:

«Մենք այցելել ենք Արցախի տարբեր ընտրատեղամասեր և կարող եմ ասել, որ հանրաքվեն անցկացվել է շատ բարձր մակարդակով: Մենք երրորդ անգամ ենք նման այցելություն կազմակերպել Արցախում, և մեր նախկին առաջարկները լիովին իրականացվել են»,- ընդգծեց Տորեն: Նա հատկապես կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց համար քվեարկության ապահովումը և «Թեժ գծի» առկայությունը:

ԱՄՆ պատվիրակության մյուս ներկայացուցիչ Ադրեաս Բորգեասի խոսքով՝ հանրաքվեն շատ լավ կազմակերպված էր: «Միայն քվեարկությունը չէր, որ կազմակերպվել էր կատարյալ: Ես տեսա Արցախում քաղաքացիների մասնակցության ակտիվությունը»,- շեշտեց նա:

Կանադայի խորհրդարանի պատգամավոր և դիտորդական խմբի ներկայացուցիչ Ջիմ Կարիգիանիսը նույնպես բարձր գնահատեց Արցախում հանրաքվեի կազմակերպվածությունը և ընտրողների ակտիվությունը: «Որևէ այլ տեղ այսպիսի ակտիվություն ես չեմ տեսել: Արցախցիները ցույց տվեցին միջազգային հանրությանը, որ վճռական են իրենց գործողություններում»,-շեշտեց նա:

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։