Իսկական հրաշքների երկիր է Հայաստանը: Չէ՛, իրոք, միայն մտածեք՝ էլ ո՞ր երկրում, երկրագնդի հատկապես ո՞ր հատվածում է հնարավոր ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրանցել տնտեսական զարգացման այնպիսի ցուցանիշներ, որոնք այլ կերպ, քան՝ հրաշալի, ոչ մի կերպ չես անվանի: Ընդ որում՝ կատարվածի ողջ իսկությունը լիարժեքորեն ընկալելու համար անհրաժեշտ է «հրաշալի» բառն առավելապես դիտարկել ավելի շուտ «գերբնական» կամ «մետավիզիկական» իմաստոներով,քան՝ սովորական, քանի որ այն, ինչ կատարվում է ներկայում Հայաստանի տնտեսությունում, պարզ, բնական բառապաշարով բացատրելն ուղղակի անհնարին կլինի ցանկացածի համար. «ծաղկում» ենք մի այլ կարգի:

Պարզվում է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել էր 2017թ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշները, որոնցից պարզ էր դարձել, որ հունվարին մեր երկրի տնտեսությունն աճել է, ուշադրությո՛ւն, երկնիշ թվերով. տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա հունվարի համեմատ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալների, աճել է 6.5%-ով, արդյունաբերությունը՝ 12.2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.4%-ով, ներմուծման ծավալներն էլ, ըստ ԱՎԾ-ի, աճել են 1.5 անգամ:

Այն, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից մշտապես ու պարբերաբար ներկայացվող վիճակագրական տվյալները երբեք աչքի չեն ընկել իրենց վստահելիությամբ ու հավաստիությամբ, հայտնի ու չբեկանվող փաստ է. այս կառույցի աշխատանքի ոճն է այդպիսին. ինչպիսի պատվեր ստանում են, այն էլ մեծ հաճույքով կատարում են՝ ըստ էության, կիսելով այն կարծիքը, թե ով վճարում, նա էլ պատվիրում է:

Թե ով է այս անգամ հանդես եկել պատվիրատուի դերում կամ ինչ խնդիր է փորձել լուծել ինքն իր համար, այնքան էլ կարծես դժվար չէ կռահել, քանի որ չտեսնել այստեղ նախընտրական բորբոքվող կրքերի ու հրապարակված անիրական թվերի միջև անքակտելի կապ, ուղղակի անհնար է: Բնական հարց՝ ի՞նչ են ցանկանում նման թվաբանությամբ մարդկանց ապացուցել մի պարագայում, երբ երկիրը, մեղմ ասած, ձեռքից գնում է, այնքան էլ հասկանալի չէ: Բայց երևի նպատակները սրանք են՝ լայն ժողովրդական զանգվածների վրա տպավորություն թողնելը, աննյութական, բայց կատաղի պրոպագանդա անելն ու մարդկանց ինքնաներշնչանքի հորձանուտը նետելը:

Ոմանք երևի կարծում են, թե մեր երկրում ապրում են մարդիկ, ովքեր սնվում են բացառապես ԱՎԾ-ից եկող էներգիայով ու կշտանում ոչինչ չասող ու մանիպուլյացիաների յուրատեսակ արդյունք հանդիսացող ցուցանիշներով: Օրինակ՝ մեկը, մի պատասխանատու չինովնիկ, եթե, իհարկե, մեզանում նմանատիպ առանձին դեմքեր դեռևս մնացել են, կարո՞ղ է, արդյոք, վեր կենալ տեղից ու մաթեմատիկական ճշգրտությամբ հանրությանը, բայց հատկապես հասարակության ամենախոցելի շերտերին բացատրել, թե հատկապես ինչի մասին են բարբառում թվերը, որոնց իսկության աստիճանը հավասար է զրոյի: Եթե միամտորեն հավատալու լինենք ԱՎԾ տվյալներին, ապա ստացվում է, որ միայն հունվար ամսին Հայաստանի տնտեսությունն այս կամ այն կերպ ցուցաբերել է այնպիսի աննախադեպ ակտիվություն, որպիսին չեն տեսել նույնիսկ գերզարգացած երկրներում. մի խոսքով՝ գերծաղկուն Հայաստան, ուր մարդկանց հոգսը սահմանափակվում է միայն այն ամենօրյա մտահոգությամբ, թե ինչպես է պետք վատնել անաշխատ փողերը:

Ցավոք, այն, ինչի մասին խոսվեց, այն երևույթը, որը փորձ կատարվեց քննել, վկայում է ընդամենը մեկ բանի մասին՝ համապատասխանների ողջ ջանքը ուղղված է ընդամենը մեկ բանի՝ ստին. որքան սուտը շատ լինի, այնքան ժամանակի ընթացքում դրան հավատացողների թվաքանակը կբազմապատկվի, ու համապատասխան քվե վաստակելն այլևս այնքան էլ անիրատեսական չի լինի: Իսկ թե ԱՎԾ-ում քանի հոգու են պատրաստվում կերակրել ու կշտացնել, սա, թեևս, քննարկման մեկ այլ թեմա է, բայց որ այս կառույցը փայլուն կերպով է իրականացնում իր վրա դրված գործառույթները, ոչ ոք չի կարող վիճարկել. մարդիկ փայլուն կերպով տիրապետում են Փի Առ տեխնոլոգիաներին, ի՞նչ կարող ես ասել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ