«Հայազն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանն այսօր հարցազրույցով է հանդես եկել, որտեղ քննադատության է ենթարկել «Ծառուկյան» դաշինքին միացած կուսակցության անդամներին:

Վերջինս այդ քայլը գաղափարական դավաճանություն է որակել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ 
շուրջ մեկ տարի է, ինչ Արմեն Աղայան անունով անձը կապ չունի «Հայազն» կուսակցության հետ:

Այս անձի առաջարկած տեխնիկական ծրագրերը վաղուց են մերժվել կուսակցականների կողմից, իսկ իր եսասիրությունն ու անձնակենտրոնությունն անընդհատ անառողջ մթնոլորտ են ստեղծել, թե՛ կուսակցությունում, թե՛ իր նախորդ կազմակերպություններում: Ցավոք սրտի, իր բոլոր կոնֆլիկտներն այլ ընդդիմադիր ուժերի հետ նա բերեց կուսակցություն: Մշտապես դեմ լինելով ընդդիմադիր կոնսոլիդացիաներին մասնակցելու մեր առաջարկներին՝ 2015թ. եռյակի ձևաչափով գործընթացը, հանրաքվեի ժամանակ «Ոչ»-ի շտաբին միանալը, անգամ քաղաքացիական շաւժումներին մեր մասնակցությանը, Աղայանը փոքրամասնություն է եղել ցանկացած քվեարկության ժամանակ: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում նա ցույց տվեց իր մարդկային ողջ դեմքը՝ կնիք գողանալով, ֆինանսական շանտաժներ անելով և այլն:

Արմեն Մկրտչյանի խոսքով` վերջին երկու համագումարներն անցել են առանց Աղայանի մասնակցության, և շատ տրամաբանական էր, որ ամիսներ շարունակ լուռ մնալուց հետո, նա պետք է պատվերով նման ելույթներ ունենար, պետք է փորձեր հարվածներ հասցնել «Ծառուկյան» դաշինքի սկսած լայն կոնսոլիդացիային ու հաղթական ընտրարշավին:

«Իրեն ճանաչողները թող ձեռքները խղճին դնեն ու ասեն, կա՞ արդյոք մի կառույց որտեղից Աղայան Արմենն առանց կոնֆլիկտի, մարդկանց հանդեպ չարություն տարածելու դուրս եկած լինի. չկա՛: Իսկ ինչ վերաբերում է տրամպլին լինելուն` «Հայազն»-ը ոչ թե մեր համար է եղել, այլ` նրա, որովհետև «Հայազն»-ը մենք ենք ստեղծել, իսկ ինքը փորձել է իր գաղափարները մեր հարթակով տարածել: Ես չեմ ցանկանում այլևս նրան կարևորություն տալ ու պատասխանել»,- ասաց Մկրտչյանը: