Լոռու մարզում հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են։ Հոսանքի «մարդիկ» աշխատում են ՀԷՑ բաժնետեր, «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի համար, իսկ գազի «մարդիկ»՝ Վահրամ Բաղդասարյանի։ Վերջինիս եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, Լոռվա գազի գրասենյակի տնօրենն է։ Գազի բիզնեսը Լոռիում ղեկավարում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը՝ «Հայռուսգազարդի» Լոռու ԳԳՄ-ի տնօրեն Վարդան Բաղդասարյանը, «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանը (Սեզամի Արմեն), որի գազալցակայաններում, ըստ տեղեկությունների, բաժնետեր է նաև Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանը, Վանաձորի քաղաքապետի եղբոր որդին՝ Արման Դարբինյանը (Քաղցրիկ), Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը, որոնց գազալցակայաններում կատարվել են տեսանկարահանումները:

Եվ այս անձինք՝ գերշահույթներ ապահովելու նպատակով համատեղ որոշումների արդյունքում՝ սահմանված սակագներով ղեկավարում են գազի բիզնեսը Լոռիում: (Չմոռանանք, որ գազի գնի իջեցումը «Գազպրոմ»-ի աջակցությունն է ՀՀ նոր կառավարությանը. Հարց է ծագում. իսկ ի՞նչ է լինելու իշխանությունների պատասխանը կամ վճարը դրա դիմաց՝ ընտրություններից հետո, որովհետև, եթե «Գազպրոմ»-ն իր ներդրումն է ունենում նախընտրական քարոզչության մեջ, ուրեմն ինչ-որ բան է ակնկալում ստանալ):

Կարեն Կարապետյանը Հայաստանի ներքաղաքական կյանքում նշանակալի ֆիգուր է, թեեւ աչքի չի ընկնում անմիջական աշխուժությամբ: Նա ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, ինչն էլ պայմանավորում է Կարապետյանի նշանակալիությունը: Նրա անունը բազմաթիվ անգամներ շրջանառվել է՝ որպես վարչապետի հավանական թեկնածու, նաեւ՝ որպես նոր կուսակցություն ստեղծելու մտադրություն ունեցող գործիչ:

Չի իրականացել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե Հայաստանում 90 միլիոն դոլարով հնարավոր է ձեռք բերել ցանկացած պաշտոն: Իսկ այսօր Հայաստանում ներհամակարգային պայքարը մտել է դիմակայության փուլ, որտեղ իհարկե պատրաստվում են մեծ դեր խաղալ ֆինանսները: Եվ չնայած, հատկապես Տաշիրում, Կարեն Կարապետյանն անցնելու խնդիր չունի, սակայն նրա կողմնակիցները որոշել են աննախադեպ քվեներով հաղթել բոլորին՝ անգամ սեփական թիմակիցներին։ 

Այս տեսանկյունից Կարապետյանի ռեսուրսները բավարար են մարզում հաղթանակ ապահովելու համար, սակայն այլ հարց է, թե ինչու են ՀՀԿ երկու թեկնածուները գիտակցաբար գնում երկկողմ հարաբերությունների լարման, ինչը միանշանակ չի բխում իշխող կուսակցության նախընտրական շահերից: Թերևս Լոռիում ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս գալիս է փաստելու, որ ռեյտինգային ընտրակարգը պատուհաս է դարձել կուսակցությունների համար և բացի ներթիմային խմորումներից դեռևս որևէ դրական արդյունքի չի հանգեցրել: Թեկնածուները զբաղված են միայն միմյանցից ձայներ խլելով, «դիմացինին տամ անցնեմ» սկզբունքով առաջնորդվելու դեպքում բնականաբար տուժում է թիմային աշխատանքը, իսկ դա կարող է իր կործանարար ազդեցությունը ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ