Ուկրաինայի ԱԳ նախարար Պ.Կլիմկինի նախագահությամբ փետրվարի 21-ին ՄԱԿ Անվտանգության Խորհրդում կայացել է «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկում, որի նպատակն էր դիտարկել Եվրոպայում առկա հակամարտությունների արդյունքում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիքները:

 

Քննարկման մասնակիցների թվում էին Հունգարիայի, Լիտվայի և Վրաստանի ԱԳ նախարարները, Խորվաթիայի պետքարտուղարը, Շվեդիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի ԱԳ փոխնախարարները:

 

Հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ' հարգանքի տուրք մատուցելով նախօրեին կյանքից հեռացած ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հիշատակին:

 

Հանդիպմանը բացման ելույթներով հանդես եկան ՄԱԿ ԳՔ Ա.Գուտերեշը, ԵԱՀԿ ԳՔ Լամբերտո Զանիերը և ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության ԳՔ Հելգա Շմիդը, որոնք ընդգծեցին Եվրոպայում չկարգավորված հակամարտությունների հարցում ՄԱԿ-ի համագործակցությունը ԵԱՀԿ և ԵՄ՝ որպես տարածաշրջանային կառույցների հետ: Մատնանշվեց նաև, որ որևէ մեկ գործոն չի կարող նշվել, որպես Եվրոպայում առկա հակամարտությունների պատճառ, իսկ որոշ դեպքերում պայմանավորվածությունները պարզապես չեն իրագործվում:

Հանդիպմանն անդրադարձ արվեց Եվրոպայում այսպես կոչված «սառեցված» հակամարտություններին, ներառյալ Կիպրոսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում' ԼՂ հիմնահարցին: Ընդգծվեց հակամարտությունների խաղաղ կարգավորմանն, ինչպես նաև հակամարտությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի ամրապնդման կարևորությունը, այդ թվում' տարածաշրջանային մեխանիզմների միջոցով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով' ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը' որպես մարդու իրավունքների, ազատության և ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների և բռնությունների: «Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգաիթում, Կի րովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է' հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման' Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու և ազատության պայքար է», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

 

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային, դեսպան Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների և ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը' որպես հակամարտության ռազմական լուծում: Նշվեց, որ փոխարենն անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ' խաղաղ բանակցություն ների առաջընթացն ապահովելու նպատակով: Խոսքի ավարտին Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն արտահայտեց միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին' ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետևողական և անվերապահ աջակցության համար: