Մի քանի օր է, ինչ նորելուկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները թիրախավորել են «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված 15 առաջնահերթ քայլերը:  Նրանք, առանց որևէ մասնագիտական հիմնավորման, պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկած առաջնահերթ քայլերը իրականությունից կտրված են, այսինքն՝ պոպուլիզմի դրսևորում են: Ամենայն հավանականությամբ՝ «Ազատ դեմոկրատները» որոշել են ինքնափիառվել՝ քննադատելով այլ ուժերի քաղաքական ծրագրերը՝ սեփականը առաջարկել չկարողանալու պատճառով: Ինչպես ասում են՝ քաղաքական իմպոտենցիան է ստիպում..


Եթե այս ուժը նախապես փորձեր փոքր-ինչ մասնագիտական հայացքով գնահատել «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված առաջնահերթ քայլերի իրականացման հնարավորությունները, ապա նման զավեշտալի խոսակցություններն ինքնըստինքյան կվերանային այն պարզ պատճառով, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված ծրագիրը ամենամրցունակ և պոտենցիալ արդյունավետ ծրագիրն է, որը վերջին տարիներին առաջարկվել է քաղաքական ուժերի կողմից: Այդ ծրագիրն իր մեջ ներառում է կարճ և կոնկրետ, մասնագիտորեն հիմնավորված, խորը վերլուծության ենթարկված բանաձևեր, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել այն, մեղմ ասած, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, որում այսօր գտնվում է:


Այժմ այս դրույթների ընդդիմախոսները ցայտնոտային իրավիճակում են հայտնվել, քանի որ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ է կլոր սեղանի շուրջ քննարկել ցանկացած դրույթ և հիմնավոր կերպով պատասխանել բոլոր հարցերին: Հարկավոր է հասկանալ մեկ պարզ իրականություն, որ այս դրույթները առաջնահերթ են և դրանց լուծումից է կախված երկրի և հասարակության ապագան:


Հատուկ «Ազատ դեմոկրատների» համար՝ տնտեսական լիկբեզ՝ 15 կետերի համար անհրաժեշտ լրացուցիչ բյուջետային ծախսերը կամ չստացված եկամուտները: Կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ է 140 մլրդ դրամ, կենսաթոշակային կուտակային համակարգի վերացման դեպքում կխնայվի 30 մլրդ դրամ: Կենսաթոշակների գումարի առնվազն 70 տոկոսը ուղղվելու է սպառմանը, որը կառաջացնի 20 տոկոս' 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր: Նվազագույն աշխատավարձը հարկվում է՝ կստացվի նվազագույնը՝ 10 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ:


Փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերը՝ շրջանառության հարկ, արտոնագրային վճար, հաստատագրված վճար, կազմում են մոտ 20 մլրդ դրամ: Հարկերից ազատելու տնտեսական էֆեկտը չհաշվելու դեպքում՝ առավելագույն չստացված եկամուտը կկազմի 20 մլրդ դրամ: Հարկային համաներման բազա հանդիսացող տույժերը և տուգանքները երբևէ չեն էլ վճարվելու, և այդ 60 մլրդ դրամը չի մտնելու բյուջե: Արագաչափերի, կարմիր գծերի մուտքերը բյուջե՝ կազմելու են 10 մլրդ դրամ՝ կատարվող փոփոխութուններից հետո: Բնօգտագործման վճարները մի քանի անգամ ավելացնելու դեպքում՝ բյուջեն կստանա լրացուցիչ 70 մլրդ դրամ եկամուտ:


Կարևոր է նաև այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքը հստակ գիտակցում է, թե որ աղբյուրների հաշվին պետք է կատարվեն այդ բարձրացումները, ինչը թույլ կտա աշխուժացնել մեր տնտեսությունը: Այս նախաձեռնությունները կբերեն նրան, որ մեր երկիրը տարեկան կգրանցի 6% տնտեսական աճ: Համախառն ներքին արդյունքի տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսը կազմում է 18 միլիարդ դրամ: Այսինքն՝ 6%-ի դեպքում դա կազմում է 100 միլիարդից ավել գումար:


Հետաքրքիր է՝ ինչպե՞ս պետք է փայլատակի պարապ մնացած «Ազատ դեմոկրատների» ուղեղը՝ հիմնավորելու համար այս պարզ կետերի իրականացման անհնարինությունը...