Մի քանի փաստաբաններ պատրաստվում են դիմել դատարան, քանի որ տևական ժամանակ է՝ խախտվում են իրենց իրավունքները: Ըստ նրանց՝ քրեակատարողական հիմնարկներում «խուզարկություն են իրականացնում՝ զննության անվան տակ», որով խոչընդոտվում է հանդիպումը իրենց պաշտպանյալների հետ և չեն կարողանում իրականացնել գործի քննություն: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ ծառայությունը շարժվում է օրենքով ամրագրված իր լիազորությունների շրջանակներում. «Ոչ մի խուզարկություն տեղի չի ունենում, դա զննություն է, ինչպես գրված է օրենքում»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի փաստաբաններ (Մոնիկա Մարգարյան, Մուշեղ Շուշանյան, Ինեսսա Պետրոսյան, 
Արայիկ Պապիկյան) հայտարարություն էին տարածել.

«Քրեակատարողական հիմնարկում առանց որևէ օրինական հիմնավորման կամ պատճառաբանման՝ պաշտպանին ցանկանում են ենթարկել անձնական խուզարկության (ցանկանում են ստուգել անգամ փաստաբանի դրամապանակը, գրպանները), ապօրինի խուզարկության չենթարկվելու դեպքում՝ արգելում են պաշտպանյալի հետ առանձնազրույց ունենալ, տվյալ քրեական գործին կամ պաշտպանի աշխատանքներին վերաբերող որոշակի նյութեր կրել և այլն:

Նշված սահմանափակումներն անօրինական են, և հաշվի առնելով, որ դրանք կրում են պարբերական ու շարունակական բնույթ, ապա պաշտպանների աշխատանքի խոչընդոտումը հստակ նպատակ է հետապնդում՝ հնարավոր բոլոր միջոցներով խանգարել պաշտպանության արդյունավետ իրականացմանը»:

Այսօր փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս ահազանգում է նույն խնդրի վերաբերյալ.

«Առավոտվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի, իրավիճակն ինչպես սպասվում էր, վատթարացել է' «համատարած խուզարկության պահանջներ» զննության անվան տակ։ Փաստաբաններ կային, ում մուտքն արգելվեց։ Օբյեկտիվ լինելու համար՝ նշեմ, որ ՔԿ հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ներկայացնում էին մեր գործընկեր փաստաբանների կողմից կալանավորված անձանց ինչ ասես փոխանցելու փաստեր, ուստի պարզ է, որ իրավիճակը ելք է պահանջում»։

Սոնա Հարությունյան