Օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է ԱԳՆ-ի՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկը: Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերին «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը դիմել է Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ պահանջելով տրամադրել այդ գերատեսչությունների գաղտնագրված տեղեկությունների գերատեսչական ցանկերը: Երկու գերատեսչություններն էլ մերժել են: Հարցը վիճարկվել է դատարանում և ԱԳՆ-ն, չսպասելով դատարանի վճռին, պահանջվող ցանկը հրապարակել է:

Թեմայի հետ կապված՝ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր գերատեսչությունները պետք  այդ ցանկերը հրապարակեն՝ հույս հայտնելով, որ ԱԳՆ-ի օրինակին կհետևեն ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և մյուսները. «Բոլոր կառույցները պարտավոր են հրապարակել գաղտնագրման ենթական տեղեկությունների ցանկը: Մինչև հիմա այդ ցանկն ինքնակամ հրապարակել էր Պաշտպանության նախարարությունը, իսկ ԱԳՆ-ն հրապարակեց՝ չսպասելով դատարանի վճռին: Հաջորդն ԱԱԾ-ն և Ոստիկանությունն են: Այդ գերատեսչությունները պետք է խոհեմություն ցուցաբերեն և հրապարակեն իրենց գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկը, քանի որ դատարան հասնելուց հետո ստիպված են լինելու հոգալ նաև մեր կողմից կատարված դատական ծախսերը»: 

Արդյոք ԱԳՆ-ն փոխհատուցե՞լ է դատական ծախսերը հարցին, պարոն Իոաննիսյանը պատասխանեց. «Դեռ չի փոխհատուցել, բայց այդ մասին նույնպես վճիռ կա և կփոխհատուցի»

Դիտարկմանը՝ որքանով է ժողովրդավարական երկրներին բնորոշ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերը գաղտնի պահելու տենդենցը, Դանիել Իոաննիսյանն ասաց.

«Չի կարող գաղտնի լինել գաղտնի տեղեկությունների ցանկը: Այդ ցանկերը պետք է հրապարակվեն: Հասարակության համար դա պետք է հստակ լինի. օրինակ՝ լրագրողը, եթե ցանկանում է որևէ հետաքննություն իրականացնել, նրա համար պետք է հասկանալի լինի՝ ինչը գաղտնի է՝ դրան չանդրադառնա, ինչը ոչ՝ հանգիստ հետաքննի»,-նշեց Իոաննիսյանն՝ անիմաստ համարելով գաղտնի պահվող ցանկը նորից գաղտնի պահելը: 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից ճշտել՝ արդյոք այդ գերատեսչությունը կհրապարակի՞ գաղտնագրված տեղեկությունների գերատեսչական ցանկը: Մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին. «Նման խնդրով մեզ դեռ չեն դիմել: Երբ այդ հարցով մեզ կդիմի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, այն ժամանակ էլ մենք կպատասխանենք իրենց դիմումին»:

Ստորև ներկայացնում ենք նաև  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված ԱԳՆ-ի՝ գաղտնագրման ենթական տեղեկությունների ցանկը.

ՀՀ ազգային անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին վերաբերող հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:
Տեղեկություններ արժութային, վարկային, գիտատեխնիկական, առևտրատնտեսական հարցերում օտարերկրյա պետությունների կամ իրավաբանական անձանց հետ ՀՀ պետական մարմինների համագործակցության մասին, նախքան կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը ու համաձայնագրերի կնքումը:

Տեղեկություններ ՀՀ բարձրաստիճան կառավարական պատվիրակությունների արտասահման կատարվելիք այցերի նախապատրաստման մասին, մինչ դրանց պաշտոնական հրապարակումը:

Տեղեկություններ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում նախատեսվող տեղաշարժերի մասին, նախքան դրանց պաշտոնական հրապարակումը:

Դեսպանությունների տարեկան հաշվետվություններ:

Տեղեկություններ դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կայացած բանակցային զրույցների գրառումների վերաբերյալ:

ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին։

 Աղավնի Սուքիասյան