Կարատեի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են մեկ բրոնզե մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

14-15 տարեկանների մինչեւ 70 քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Մակյանը: Պատանի կարատեիստը ոգեւորված է իր նվաճած մեդալով եւ հույս ունի, որ այն վերջինը չի լինի.

«Այս հաջողության մեջ իմ ներդրումը շատ քիչ է: Այսպես ասած՝ գլխավոր «մեղավորը» հայրս է՝ անձնական մարզիչս»,- նշեց Դավիթը:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ընդհանուր առմամբ գոհ է թիմից: Ասում է, որ Եվրոպայի առաջնության մեդալը փոքր արդյունք չէ այս մարտարվեստի համար:

Ազգային կարատեն 2016 թվականին համալրել է օլիմպիական ընտանիքը: Եվ, հաջորդ տարի հայ մարզիկները փորձելու են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ մինչեւ Տոկիո-2020-ը՝ պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թվականին Բունոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել համար:

«Մասնակցելու ենք վարկանիշային մրցաշարերի: Քայլ առ քայլ գնում ենք դեպի օլիմպիական խաղեր»,-նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Մարտի 19-ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Արդյունքում՝ կձեւավորվի հավաքականը, որը մայիսին կմասնակցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը նշում է, որ տղաներին զուգահեռ մարզվում են նաեւ աղջիկները.

«Կարատեն կանացիությանը դեմ չէ: Մենք ունենք հեռանկարային աղջիկներ: Հուսանք, որ ապագայում նրանք նույնպես մեդալներ կնվաճեն»,-ասաց մարզիչը:

Ֆեդերացիան տարբեր ակցիաներ է նախատեսում մարզաձեւի մասսայականացման համար: