Newspress.am-ի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանն, ով պաշտոնապես դարձել է միջազգային հեղինակավոր IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ) լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասաց, որ դատական նիստ է նշանակվել 2017 թ. մարտի 10-ին, և ինքն այդ նիստի ընթացքում պատրաստվում է հրապարակել հայտնի պաշտոնյաների անուններ, ովքեր կապ ունեն իր դեմ հարուցված քրգործի հետ. «Իմ դեմ գործ են հարուցել, որը գտնվում է Վերաքննիչ դատարանում, դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին: Բազմաթիվ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, նոր մարդկանց անուններ եմ ասելու, և այդ պաշտոնյաների անունները նաև հանրությունը կիմանա: Իմ դեմ հարուցված գործը որակում եմ շինծու և կեղծ: Այս արշավը սկսվեց այն բանից հետո, երբ ես բացահայտեցի և հրապարակեցի թվեր այն մասին, թե ինչպես են հաշմանադամություն ունեցող երեխաներին Գերմանիայից հասցեագրված օգնությունը յուրացնում և վաճառում Հայաստանում:  Ես դիմել եմ նաև դատախազությանը՝ խնդրելով հետևողական լինել՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ հետևելու եմ այս գործին: Յուրացման մասին այդ տեղեկատվությունը հրապարակել եմ փետրվարի 12-ին, որից հետո կանչեցին ոստիկանության բաժին: Թեպետ քննիչն այնքան փնթի էր աշխատել, որ ծանուցագիրը բերել էր այլ հասցեով, բայց ես պատշաճ կերպով ներկայացել ոստիկանություն»:

Ըստ Արիանա Հովսեփյանի՝ ոստիկանության բաժնում իրեն պահել են օրենքով սահմանված ժամից՝ (72 ժամ)  6 ժամ էլ ավելի:  «Բոլորին հետաքրքիր է եղել, թե ով եմ ես, ի՞նչ գործունեություն եմ իրականացնում: Ինձ արդեն հայտնի են իմ դեմ կատարվածի հետևում կանգնողների անուններն ու փաստերը, և մարտին կայանալիք նիստի ընթացքում ես և՛ անունները, և՛ փաստերը կհրապարակեմ»:

Մեզ հետ զրույցում Արիանա  Հովսեփյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է դիմել միջազգային կառույցների օգնությանը՝ բացահայտելու և հանրայնացնելու այն, ինչն ինքը որակեց ազատ խոսքի ոտնահարում. «Ես արդեն պաշտոնապես դարձել եմ IPI լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, պատրաստվում եմ նամակ ուղարկել միջազգային կառույցներ, որպեսզի բոլորին հայտնի դառնա, թե ինչպես է ազատ խոսքը ոտնահարվում Հայաստանում: Ես հասնելու եմ  նրան, որ և՛ դատախազը՝ Ռաֆայել Գևորգյանը, և՛  քննիչը պատասխան տան: Ես նաև դիմել եմ ներկայիս դատախազին՝ Արթուր Դավթյանին,  բայց ինձ չընդունեցին: Ես հրավիրելու եմ միջազգային կառույցներին և  նրանց շնորհիվ ամբողջ աշխարհը կտեսնի մեր երկրի օրինապահների փնթի աշխատանքը»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ եթե ինքը մեղավոր լիներ, չէր խուսափի երբեք պատասխանատվություն կրելուց. «Եթե մեղավոր լինեի, կկանգնեի օրենքի առաջ: Ինձ իմ բացահայտման և հրապարակման համար ուզում են ճնշել, իսկ դատարանում դատախազ Գևորգյանը մեղավոր ճանաչված Մ. Շուշանյանին դիմում է՝ «բարև ախպերություն» Նորմա՞լ է արդյոք, երբ դատախազը հանցագործին «ախպերությունով» է դիմում»

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հրապարակվեց Մարտուն Շուշանյանի եւ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Սուտ մատնության համար մեկ տարով ազատազրկ­վեց Մ. Շուշանյանը, իսկ դրդելու համար մեղադրվող Newspress.am կայքի եւ «Անդ­րադարձ» մամուլի ակումբի հիմ­նադիր Արմենուհի Հովսեփյանը դատապարտվեց մեկ տարի ժամկետով ազատազրկման: